Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Շնորհակալություն Արամ Ա-ին, գոնե մխիթարական, մեղմ, ըմբռնումով, նեոբոլշեւիզմը խնայող ելույթի համար»

Սեպտեմբեր 18,2017 18:20

Հայաստան-Սփյուռք այսօր մեկնարկած 6-րդ համաժողովը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը համարում է «իմիտացիա, ոչ պրոֆեսիոնալ եւ սիրողական միջոցառում», եթե խնդիրը հայապահպանությունը չէ, համերաշխությունը չէ, ինստիտուցիոնալիզմը չէ: Aravot.am-ի հետ զրույցում Ազատ Արշակյանը կրկին բարձրաձայնեց`Հայաստանի հանրապետությունը պետք է ունենա երկպալատ օրենսդիր մարմին, որի վերին պալատում համամասնորեն ներկայացված կլինեն ՀՀ-ն, Սփյուռքը եւ Արցախը: «Եթե դա չեն քննարկում, ափսոս այն փողերը, որոնք ծախսվել են իրենց հանդիպման համար»,- ասաց Ազատ Արշակյանը:

Համաժողովում ունեցած իր ելույթում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը խոսեց այն մասին, որ սփյուռքահայերի համար Հայաստանը բիզնեսի շուկա կամ զբոսաշրջային վայր չպետք է լինի, խոսեց նաեւ Հայաստանից արտագաղթի մեծ տեմպերի վտանգավորության մասին, սփյուռքահայ մասնագետների`Հայաստանի կառավարման համակարգում ընդգրկված լինելու մասին:

«Շնորհակալություն Արամ Ա-ին, որ նա դա ասաց: Բայց կազմակերպիչները օրակարգը պետք է այլ կերպ հայտարարեին»,- ասում է մեր զրուցակիցը`մանրամասնելով, որ աղոթքից հետո պետք է հնչեր Վեհափառների ուղերձը`առանց քաղաքականության, որից հետո ձայն պետք է տրվեր հայապահպանության այսօրվա երկու ըմբոստ պաշտպաններին`Նարինե Թուխիկյանին եւ Նարինե Դիլբարյանին:

Նարինե Թուխիկյանն, ըստ Ազատ Արշակյանի, այսօր բարձրացրել է հայ ժողովրդի ինքնության կարեւորագույն կերպարների ռեաբիլիտացիայի հարցը. «Այսօր օրակարգ մտցնել ինքնապաշտպանության, հոգեւոր արժեքները կրողների պաշտպանության անվտանգության եւ հարգանքի հարցը`դա կարեւոր քայլ էր: Մշակույթի նախարարը պատասխանատու էր ռեաբիլիտացիայի համար, ինքը պետք է դրոշը ձեռքին գնար, բայց ինքը փակել տվեց: Հաջորդը պետք է ելույթ ունենար Նարինե Դիլբարյանը: Հայոց ինքնության ամենակարեւոր բաղադրիչը հայոց լեզուն է: ՀՀ-ում այսօր պետական ինստիտուտներում նվաստացնում, ճնշում են հայոց լեզուն կրողներին, նսեմացնում են հայոց լեզվի կարգավիճակը: Իսկ գիտության եւ կրթության նախարարը փոխարեն պայքարի բոլոր նրանց, ովքեր հայոց լեզվի դեմ արշավ են սկսել, փոխարեն պայքարի օտարալեզվամոլության դեմ, դարձել է հայոց լեզվի դեմ քաղաքական ճնշման նախաձեռնողը»:

Եթե Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարագը Հայաստան-Սփուռք-Արցախ միասնությունը եւ հայապահպանությունը չէ, Ազատ Արշակյանն ասում է. «Շնորհակալություն Արամ Ա-ին, գոնե մխիթարական, մեղմ, ըմբռնումով, նեոբոլշեւիզմը խնայող ելույթի համար: Մի փոքր մխիթարվեցի նրան լսելով: Նշանակում է`մերոնք գիտեն, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում: Շնորհակալություն, որ գիտեն մերոնք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930