Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատագրված տարածքները ողջ ՀՀ-ի թիկունքն են, դրանց վերադարձն անընդունելի է». Արմեն Մարտիրոսյան

Սեպտեմբեր 18,2017 15:47

«Խոսքը Կազանում հաստատված որոշումների մասին է: Իհարկե, հարգարժան Հոգլանդը այդ կետերի թվում չի հիշատակել Լաչինի միջանցքի լայնության մասին՝ 20 կմ: Ամեն դեպքում, այդ բոլոր կետերը գաղտնիք չեն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած՝ Արցախյան հակամարտության կարգավորման կետերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Դառնալով այն փաստին, որ ըստ նշյալ կետերից մեկի՝ «ԼՂ շուրջ գրավված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, նա ընդգծեց՝ ազատագրված տարածքները հայապատկան են եւ միայն Ստալինի որոշմամբ են «պոկվել» եւ տրվել Ադրբեջանին. «Դրանք ռազմավարական տեսանկյունից ողջ Հայաստանի թիկունքն են, ուստի դրանց վերադարձն անընդունելի է»:

Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ ապրիլյան ռազմական գործողություններից հետո առկա բանակցային գործընթացը չի համապատասխանում իրողությանը. «Այլ էր մինչեւ ապրիլ, այլ է հիմա: Եթե բանակցում ես, իսկ մյուս կողմը ռազմական գործողություններ է սկսում, ակնհայտ է՝ որեւէ երաշխիք չունես, որ ամեն պահի դրանք չեն վերսկսվի»:

Թե ինչպես դուրս գալ բանակցային գործընթացի փակուղուց, Արմեն Մարտիրոսյանի խոսքով. «Գլխավոր խնդիրը դա՞ է, թե այն, որ արդյունքում ունենանք անվտանգ միասնական հայրենիք: Եթե նպատակն այն է, որ ազատագրված տարածքները եւ Արցախը մնան հայկական, մեկ բան է պետք՝ թողնել, որ երկիրը մնա նորմալ երկիր, ոչ թե այնպես անել, որ տարեկան մի քանի տասնյակ հազար մարդ արտագաղթի: Տնտեսությունը պետք է զարգանա, ոչ թե թալանվի: Հանքարդյունաբերության միլիարդավոր դոլարները նաեւ պետբյուջե պետք է մտնեն, որ սպառազինություն գնենք, ոչ թե նստեն օֆշորային հաշիվներում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում նախատեսված է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930