Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նաեւ քաջություն պետք է ունենանք դժվարությունը հաղթահարելու եւ ճիշտ խոսելու». Սփյուռքահայը՝ Վեհափառին

Սեպտեմբեր 18,2017 15:43

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց՝ «Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով»:

Aravot.am-ը համաժողովին մասնակցող սփյուռքահայերից մեկից՝ Լիբանանից ժամանած «Հայ երիտասարդական ընկերակցության» տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Ահարոն Շխրտմյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է կաթողիկոսի այս դիտարկման հետ ու արդյոք սփյուռքը չի հիասթափվո՞ւմ Հայաստանից, երբ այստեղ անարդարություն է տեսնում: Նա պատասխանեց. «Միանգամայն համաձայն եմ, բայց այս ըսելով՝ չի կարելի անտեսել այն դժվարությունները, որոնք կան: Եթե կգիտակցինք, որ կան դժվարություններ, եւ կրնաք քաջություն ունենաք ժողովրդին ըսելու, որ այդ բոլորը պետք է անտեսենք, նաեւ քաջություն պետք է ունենանք այդ դժվարությունը հաղթահարելու եւ ճիշտ խոսելու, մատը վերքի վրա դնելու: Վեհափառի խոսքը ես այսպես կբացատրեմ, որ պետք է զոհողություններ ըլլան: Այո, կրնա ժողովուրդը զոհողություններ անել եւ պատրաստ է, բայց փոխարենը պատասխանատու մարմինները պետք է զգան ժողովրդի ցավը եւ պետք է վստահեն նրանց, սա շատ կարեւոր է»:

Հարցին՝ սփյուռքն ավելի շատ ինչի՞ց է հիասթափվել Հայաստանից, նա պատասխանեց. «Օրինակի համար, եթե գոնե արտագաղթի հարցը լուծին…ինչո՞ւ հայրենիքեն կգաղթեն: Շատերը երբեմն պատճառաբանած են, թե հայը միշտ էլ գաղթած է: Բայց ադ չարդարացնե, որ Հայաստանեն հայը կգաղթե, այդ գաղթը զանազան պատճառներ ունի, պետք է ճիշտ թափանցել, համոզել, որ այս է քո հայրենիքը ի վերջո, վերջիվերջո սփյուռքի հայը Հայաստան պիտի գա, ինչպես եղած է»:

Ըստ սփյուռքահայի, խնդիրների մասին պետք է խոսել, ոչ թե անտեսել. «Պետք է քայլերը շոշափելի դառնան, որպեսզի սփյուռքը չհիասթափվի: Սփյուռքն անթերի չէ, Հայաստանի քաղաքական համակարգում էլ կան թերություններ, այդ թերություններուն ճանապարհները պետք է գտնել, լուծումները պետք է գտնել»:

Մեր հարցին՝ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում ինչքանո՞վ է սփյուռքին խանգարում այստեղ ներդրումներ անել, աջակցել՝ Շխրտմյանը պատասխանեց. «Սփյուռքը հաճախ կքննադատե Հայաստանը կոռուպցիայի, փտածության երեւույթներում մեջ: Այսօր մեկ հատ երկիր ցույց տվեք աշխարհի մեջ, որ դա տեղ չէ գտած: Դա կուգա մարդու նկարագիրեն, քաղաքակիրթ երկրներուն մեջ էլ կան նման դեպքեր: ԱՄՆ-ի մեջ նայեք, այո, կբռնեն, կպատժեն, բայց էլի կա: Հիմա սա չի նշանակում, որ չպետք է դեմն առնել, օրենքի ուժով պետք է լուծել հարցը, դրանից միայն ժողովուրդը կօգտվի: Եթե ժողովուրդը դժգոհ է, ինչի՞ մասին է խոսքը: Ժողովուրդը պետք է գոհ մնա»:

Սփյուռքահայը համոզված է, որ գոնե այս համաժողովի ընթացքում իրենց ձայնը լսելի կդառնա եւ իշխանությունները հետեւություններ կանեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930