Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ պաշտոնյան՝ Գալուստ Սահակյանին. «Իհարկե, ռուսերենը չի կարող հայերենին հավասար կարգավիճակ ունենալ»

Սեպտեմբեր 18,2017 15:22

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի՝ News.am-ի հետ զրույցում հնչեցրած  կարծիքին, թե. «Ռուսաց լեզվի հայեցակարգը հայոց բթամտությունն է… Հայաստանում որեւէ լեզու չի կարող հայոց լեզվին հավասար կարգավիճակ ստանալ»:

Աշոտ Արշակյանը նախ նկատեց. «Իհարկե, ռուսերենը, եւ առհասարակ՝ որեւէ լեզու, չի կարող հայերենին հավասար կարգավիճակ ունենալ, որովհետեւ հայերենը մեր լեզուն է»:

Ապա Արշակյանն անդրադարձավ փորձագետների պնդումներին, թե հայեցակարգը ՀՀ-ին պարտադրվել է Ռուսաստանի կողմից: «Չգիտեմ՝ իրենք ինչ են պնդում, դա փորձագետների սուբյեկտիվ կարծիքն է: Կարող եմ ասել՝ եթե կարդաք հայեցակարգը, դրանում չեք տեսնի «երկրորդ լեզու» կամ «կարգավիճակ»…: Դա ընդամենը ռուսերենի դասավանդման որակի բարելավման հայեցակարգ է: Այն մշակվել է՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կապված են կրթության հետ: Քաղաքացին դպրոցն ավարտելուց հետո պետք է կարողանա տիրապետել որեւէ օտար լեզվի»,-նշեց ԿԳ պաշտոնյան:

Աշոտ Արշակյանի հավաստմամբ՝ հայեցակարգով ռուսերենին որեւէ առավելություն չի տրվում, այն չի առանձնացվում մյուս օտար լեզուներից. «Դասավանդման առանձնահատկությունները հաշվի առնելով ենք ռուսերենի համար առանձին հայեցակարգ մշակել: Այն դասավանդվում է 2-րդ դասարանից եւ պարտադիր ուսուցանման լեզու է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930