Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարար. «Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, 4-ն էլ թալանեցին ու տարան» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 14:50

Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Հայաստանում 5 բիզնես է դրել, 5-ն էլ թալանել են:

Ըստ գործարարի, սփյուռքը զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ. «Գիտի, որ թալանում են, անարդարություն կա, գիտի, որ դատարան չկա, եթե վեճի մեջ եմ ես: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, ճիշտ է, շատ մեծ բիզնեսներ չէին, մինչեւ 30 հազար դոլարի, 4-ն էլ թալանեցին ու տարան, ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը, հինգերորդն էլ անցյալ տարի դրեցի՝ շատ փոքր բիզնես, նախագիծը, եթե մի 5000 դոլար լինի՝ աշխատելու է, դրեցի՝ էլի չկա»:

Թե ի՞նչն է խնդիրը Հայաստանում՝ նա պատասխանեց. «Հոգեբարոյական արժեքների անկումը մեզ տանում է դեպի գահավիժում, անկում: Դա է խնդրի խնդիրը»:

Զարեհ Պալյանը պատմեց, որ Հայաստանում 200 հատ մեղվի փեթակ է դրել ու փորձել է հայերին, թե որքան են թալանում. «Էդ 200-ից 3 փեթակի տակ կշեռք էի դրել: Ամեն մեկը 40 կիլո քամեցինք, որովհետեւ վախեցել էր մեղվապահը, մնացած բոլորը՝ 10-15 կիլո: Հենց այդ 3 փեթակները, կշեռքով այսպես կախված էին մոմաթերթերը, սա ի՞նչ է նշանակում, նա հպարտանում է, որ կարողանում է գողանալ, խաբել ինձ»:

Մեր հարցին՝ այսինքն, Հայաստանում բիզնեսը չի զարգանա, որովհետեւ գողանում, «քցո՞ւմ» են, դա՞ է ձեր պատկերացումը՝ Պալյանը պատասխանեց. «Հայաստանում բիզնեսը չի զարգանա, եւ ամեն ինչի պատճառը առաջինը հոգեբարոյական, ազնվական արժեքների պակասն է եւ բացասական հատկանիշների ավելցուկը: Տո՛ էլ ստախոսություն, է՛լ անարդարություն, է՛լ անխղճություն, է՛լ քծնանք»:

Զարեհ Պալյանն ասաց, որ ակադեմիկոսների, դոկտոր-պրոֆեսորների հետ զրույցի ժամանակ լսել է, թե ինչպես են Հայաստանի համար ասել, որ այստեղ անհնար է գտնել մեկին, որը ուտող, թալանող, կաշառակեր չլինի. «Ես էլ ասեցի, լավ, մի խոսք ասեմ՝ իմ շրջապատում ԱՄՆ-ում անհնար է գտնել մեկին մեր շրջապատից, որ իր գրպանից ազգի համար տված չլինի: Էնքան կան մաքուր մարդիկ, տոկոսով պարտք են վերցրել, տվել են: Իսկ այստեղ չեն կարողանում գտնել մեկին, որ թալանչի չլինի»:

Հարցին՝ այդ դեպքում դուք ինչո՞ւ եք այստեղ՝ նա ասաց, որ եկել է՝ Կարեն Կարապետյանին ներկայացնելու իր նոր ծրագիրը, ըստ որի առաջարկում է դպրոցներում պարտադիր դասավանդել «77 հոգեբարոյական ազնվական արժեքներ» առարկան. «Շախմատը պարտադիր է, հպարտ եմ, որ շախմատիստներ այդքան եղան, բայց շախմատն ուր, այս անարդարությունները, կաշառակերությունը ուր»: Ըստ սփյուռքահայի, այդ առարկան դպրոցներում դասավանդելով՝ երեխաները կհասկանան, թե ստախոսը ոնց է պատժվում, էլ չեն մեծանա այդպիսին, չեն դառնա կաշառակեր ու թալանչի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930