«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքը իսկապես հայ ղեկավարի, հայ հավատացյալի խոսք էր, շատ լավ էր: Բակո Սահակյանը կարճ խոսեց, շատ հիանալի էր: Մյուս երկու խոսողները, չգիտեմ ինչ խոսեցին, ես երեւի քնել էի, կներեք արտահայտությանս, որովհետեւ ես չեմ սպասում, որ ուրիշի գրածը վերցնես կարդաս՝ դա մեզ պատիվ չի բերում, մենք ամենատաղանդավոր ազգերից մեկն ենք, եթե ոչ ամենատաղանդավորը: Բա Կիլիկիո կաթողիկոսը ինչի՞ չի կարդում»,- այսօր ասաց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցող ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայ հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը:
Հարցին՝ այս համաժողովը ձեւական բնու՞յթ է կրում՝ նա պատասխանեց. «Սա շատ օգտակար կարող է լինել, եթե գործնական մոտեցում որդեգրվի: Գործը պետք է առաջ ընկնի խոսքից, չկա՛ այդ բանը»:
Նա ասաց, որ չի վստահում ՀՀ իշխանություններին. «Ենթադրենք, ես դարձա պրեզիդենտ Հայաստանի, եթե ես պիտի նախարար նշանակեմ, էդ նախարարի արյան մեջ թալանը կա, կաշառակերությունը կա, անարդարությունը կա, հանցավոր անգործությունը կա, ես ո՞նց կարող եմ նրան ստիպել, որ հօգուտ իր ազգի աշխատի, ոչ թե հօգուտ իր գրպանի: Եթե իր արյան մեջ մտել է, իսկ ես հավատացած եմ, որ շատերի մեջ մտել է, որովհետեւ էսօր ազնիվ մարդուն շատ տարածված կարծիք կա՝ հարիֆ է, այսինքն՝ արհամարհելի մի հիմար, քանի որ ազնիվ է: Մյուս կողմից այն բոլոր բացասական հատկանիշներ դրսեւորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ այսպիսի վիճակն ո՞ւր կհասցնի, ես ձեզ եմ հարցնում, չե՞ք կարծում, որ մենք անդունդ ենք գնում»:
Խոսելով Հայաստանի 3 նախագահների մասին՝ Զարեհ Պալյանն ասաց, որ առաջին երկու նախագահներին ինքը թիկունք է կանգնել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին ամբողջ ժողովուրդն էր կանգնում, հետո Քոչարյանը եկավ, քանի որ Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահն էր, քանի որ Արցախը իմ՝ բարուրի մեջի երեխան է, ես եմ սկսել էդ շարժումը, միշտ էլ թիկունք եմ կանգնել, ես հաշվեցի, որ Քոչարյանը չի ծախի Արցախը: Երրորդի՝ Սերժ Սարգսյանի հետ բան չեմ ունեցել: Էն երկուսը ԱՄՆ եկան, խնդրեցին, որ ես դիմավորեմ իրենց, Քոչարյանը խնդրեց, որ ես իրեն ներկայացնեմ, իր դրական կողմերը: Ներկայացրել եմ, բայց հետո, երբ իմացա, որ նա էլ է կաշառք վերցնում, չգիտեի, ես անմիջապես հետ կանգնեցի: Երրորդ նախագահն էլ նրանց հոգեզավակն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչ ամոթ ա….Իսկ Կիլիկիայի Կաթողիկոսը չի կարդում երեւի թե,հավանաբար …տառերը չգիտի…