Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե կա բանավեճ՝ տվյալ անձը ժամանակին 5000 մարդ է սպանել, թե 3000, ուրեմն նրա անունով փողոց չպետք է լինի

Սեպտեմբեր 18,2017 14:30

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ երեւանյան փողոցների անվանակոչության հարցն առաջնային չէ

ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ երեւանյան փողոցների անվանակոչության հարցը չափազանց քաղաքականացված է: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երեւանի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են կոմունիստ եւ բոլշեւիկ հայտնիների անունները: Այդ շարքում են Խորհրդային Հայաստանի գործիչներ՝ Անաստաս Միկոյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Կասյան… «Ես դա չեմ համարում ՀՀ օրակարգային քաղաքական հարց: Երբ այն շատ է քննարկվում, տպավորություն է, որ հասարակության ուշադրությունը շեղվում է այլ՝ կարեւոր հարցերից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննես Իգիթյանը: Դառնալով խնդրին՝ նա նկատում է, որ փողոցի անունը պետք է չվիճարկվող լինի. «Եթե հասարակության շրջանում կա բանավեճ, թե տվյալ անձը ժամանակին 5000 մարդ է սպանել, թե 3000, ուրեմն այդ մարդու անունը չպետք է առհասարակ լինի որպես փողոցի անուն: Կասյանի անձն, օրինակ, հասարակության շրջանում կասկած է հարուցում, ուրեմն նրա անունով փողոց չպետք է լինի: Չեմ կարծում, որ «իրավիճակային» քաղաքական գործիչների անուններով պետք է փողոցներ լինեն»:

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Կասյանը, Մյասնիկյանը բոլշեւիկներ էին, եւ հարց է առաջանում՝ ի՞նչ են արել նրանք հայ ազգի համար. «Նրանք ի պաշտոնե եղել են կոմունիստ: Լավ են իշխել, թե վատ՝ դժվար է ասել: Ինչո՞ւ հայազգի կոմունիստին համարում ենք հերոս, իսկ, օրինակ, ղազախին՝ ոչ… նրանք ընտրվել են ոչ որպես հայ ազգի ներկայացուցիչ, այլ որպես խորամանկ բոլշեւիկ, ինչպիսին Միկոյանն էր»: Մեր զրուցակիցը փաստում է՝ հայ ժողովուրդն ունի շատ անուններ, որոնք արժանի են մեծարման. «Ինչո՞ւ չեն վիճարկում Մաշտոցի, Խորենացու, Չարենցի, Հերացու անունները եւ նրանց անուններով փողոցներ լինելու փաստը… որովհետեւ նրանք հետք են թողել մեր կյանքում, եւ այդ հետքում արյուն չկա: Իսկ եթե որեւէ քաղաքական գործչի կյանքը կապված է արյան հետ, նրա անունը չպետք է լինի փողոցի անուն»:

Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ ներկայում ամենաարդիական քաղաքական խնդիրը ոչ թե փողոցների անվանակոչությունն է, այլ ՀՀ անվտանգության հարցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930