Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ստատուս-քվոն երկարաձգելու դիվանագիտությունը եւ մարտավարությունը ինքնին անիմաստ էր

Սեպտեմբեր 18,2017 14:00

Թե ինչպես պետական այրերը Ռիչարդ Հոգլանդին անարգանքի սյունին գամեցին

Ռիչարդ Հոգլանդի հայտնի պարզաբանումները շարունակվում են քննարկվել: Դրան անդրադարձավ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան եւ հստակ հավելեց, որ մեջբերվածը նոր չեն, այլեւ դրա վրա բազմիցս հղում են կատարել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահները, այսինքն՝ հավաստեց, որ այդ դրույթներն են բանակցային առարկան:

Ի տարբերություն՝ մեր պետական այրերը Հոգլանդին կշտամբեցին, ըստ որում՝ ԼՂՀ արտգործնախարարն արձագանքեց, որ համանախագահի մեկնաբանումը կտրված է իրականությունից եւ կարող է առաջացնել անկանխատեսելի հետեւանքներ: Քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանը արտաբերեց, թե Հոգլանդը կարող է նույն սցենարով «հոլիվուդյան արկածներ» գրել: Խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը հայտարարության առիթը համարեց Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպումը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բառացի ասաց. «Դա իր կողմից արջի ծառայություն էր, էլի, գնալուց առաջ» եւ այլն:

Իրավամբ՝ միջնորդի մեջբերած դրույթները նորույթ չեն, այլեւ նա պաշտոնանկումից առաջ դիվանագիտական հնարքով կողմերին հասկացրեց, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ եւ համահունչ է Մադրիդյան սկզբունքներին: Բանից պարզվում է, մեր այրերը տեւական ընթացող բանակցային գործընթացից անտեղյակ են:

Իմ պատկերացմամբ՝ Հոգլանդի հայտարարությունն անկողմնակալ էր, իսկ նախկին ԼՂ ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքների կարգավիճակի տարբերակը եւ անվտանգության երաշխիքներ ապահովելու շեշտադրումները մեր շահերից էր ու հեռանկարային: Բացի այդ, ժողովուրդը տեղեկացավ կոնֆլիկտի առարկայի մանրամասներին, Արցախի սահմանների գծագրությանը, ինչպես նաեւ նրան հարակից ազատագրված տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու հեռանկարին, ինչը գաղտնի էր պահվում: Հաջորդը Հոգլանդի հայտարարությունից եւ Մարիա Զախարովայի հակիրճ պարզաբանումից նկատելի է, որ Արցախի հակամարտությունը կարգավորող իրավասու գերտերությունների տեսակետները միեւնույնն են եւ փոփոխման ենթակա չեն: Հետեւաբար, ստատուս-քվոն երկարաձգելու դիվանագիտությունը եւ մարտավարությունը ինքնին անիմաստ բաներ են: Դեսպանը դա գլխի գցեց, ըստ այդմ՝ ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կանխատեսումները, թե Հոգլանդը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից, իրատեսական են:

Ռիչարդ Հոգլանդի դրվագը եզակի չէ, մեր պետական այրերը կշտամբում եւ նվաստացնում են նաեւ այլոց արժանապատվությունը, ովքեր քննադատում են իշխանություններին, ինչպես նաեւ կատարված դեպքի կամ արարքի հանգամանքները նենգափոխում են: Այսպես՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազգային ժողովի ընտրություններից հետո ընտրական զարգացումները Հայաստանում, քաղաքական դասերն ու հետագա քայլերը» թեմայով համաժողովում, մայիսի 15-ին, երբ անկեղծ ու շիտակ քննադատեց, որ ընտրությունները կատարյալ չեն անցել, ընտրական օրենսդրությունը թերի է եւ ռեյտինգային ցուցակներով ընտրակարգի խնդրով ընդդիմության հետ կոնսենսուս չի եղել, խոսեց ընտրակաշառքների դեպքերի, ինչպես նաեւ ԿԸՀ-ն մաքրելու մասին, մեր այրերը հարձակվեցին նրա վրա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հեգնեց, թե «սա ինչի նման է, պարոն Սվիտալսկի», Տիգրան Մուկուչյանը քննադատությունը որակեց անազնիվ ու ծայրահեղականացված, իսկ ՀՀԿ վերնախավը ու Մարիետա Խաչատրյանը դեսպանին ամբաստանեցին ներքաղաքական կյանքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու եւ պետության ներքին գործերին խառնվելու մեջ (արդյոք ընտրակաշառքը պետության ներքին գործն է):

ԱԺ ընտրություններին ընդառաջ, երբ մենք էլ կարծիք հայտնեցինք, որ նոր ընտրական օրենսդրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգը մեծամասնական տարրեր ունի (ռեյտինգային ցուցակներ) եւ դրանով ռեժիմը միտված է օլիգարխների ու հեղինակությունների կլանի միջոցով ԱԺ-ում ապահովել մեծամասնություն, զգուշացրեցինք էլեկտրոնային քվեարկության ռիսկերի ու վտանգների, ինչպես նաեւ քվեաթերթիկները չհաշվառելու աբսուրդի մասին («Առավոտ» օրաթերթ, 30 մարտի, «Տեխնիկական սարքը սեւ թուղթ էր հանել» հոդվածը):

Նախարար Դավիթ Հարությունյանը հոդվածի տակ արձագանքել էր. «Հավատմունք ունեմ, որ խրոխտ տգիտության դեմ միակ հակաթույնը գիտելիքներով կիսվելն է» եւ կիսվեց, թե օրենքով ընդունված համամասնական ընտրակարգը միջազգային ընդունված եւ լայն տարածում գտած «բաց ցուցակներով համամասնական ընտրակարգ կոչվածն է», իսկ կարուսել կեղծահնարքը հնարավոր չէ օգտագործել ԱԺ ընտրություններում:

Սակայն ԱԺ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ռեյտինգային ցուցակները աշխատել են ՀՀԿ-ի օգտին եւ օլիգարխները՝ Ս. Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը եւ այլք, 20 հազարից մինչեւ 50 հազարական ձայներ են բերել (Բագրատ Ասատրյանի հաշվարկով՝ ավելի քան 1 մլն ընտրողի ընտրակաշառք է բաժանվել եւ բանկերում 10 հազարական թղթյա դրամի սով է եղել): Իմիջիայլոց, կարուսել հնարքն էլ լավ աշխատել էր: Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա 7/47 ընտրատեղամասում ընտրողի մոտ դիտորդները հայտնաբերել են ռեյտինգային թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին արդեն իսկ քվեարկված քվեաթերթիկ: (Այսինքն՝ դրսում քվեարկել են, տվել ընտրողին, իսկ հանձնաժողովից ստացած չքվեարկած քվեաթերթիկը ետ ստացել): Իսկ քվեարկության առաջին 4 ժամում արձանագրվել է տեխնիկական սարքերի խափանման 98 դեպք («Քաղաքական դիտորդ» նախաձեռնության հայտարարությունը):

Պարոն Դ. Հարությունյանը սահմանադրական հանրաքվեի քարոզչության ժամանակ էլ ժողովրդին ասել է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, քանզի Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելված է: Իրականում ՍԴ-ն նման որոշում չէր կայացրել (տես «Առավոտ» օրաթերթի 27.04.2016թ. «Ցուցակների հրապարակման անհրաժեշտությունը կա» հոդվածը):

Հիմա ո՞րն է «խրոխտ տգիտությունը»:

Բերենք եւս մեկ օրինակ. մինչդատական վարույթ իրականացնող մարմինը «Սասնա ծռեր» զինված խմբի արարքը որակել է շենքեր ու շինություններ զավթելը եւ այլն, հանցագործություն, Քրեական օրենսգրքի 219 հոդված: Առանձին այրեր՝ Գառնիկ Իսագուլյանը, Ղարաբաղի միջնորդ գեներալը, ԱԱԾ-ի նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը եւ այլք, պատեհ առիթներով արտաբերում են, թե արարքը ահաբեկչություն է: Հիմա պարզաբանենք:

Ահաբեկչությունը դասվում է միջազգային բնույթի առավել վտանգավոր եւ բազմաօբյեկտ հանցագործությունների շարքին եւ օբյեկտիվ կողմից արտահայտվում է երկու ալտերնատիվ գործողությամբ:

1. Պայթյուն, հրկիզում, ինչը սարսափեցնում կամ զարհուրեցնում է հասարակությանը եւ առաջացնում մարդկային զոհերի վտանգ, պատճառում է զգալի նյութական վնաս կամ այլ վտանգավոր հետեւանքներ:

2. Հիշյալ գործողությունները կատարելու սպառնալիքը (գրավոր, բանավոր ձեւով, տեխնիկական միջոցներով եւ այլն):

Այլ վտանգավոր հետեւանքներ դիտվում են՝

ճանապարհների եւ հաղորդակցության միջոցները վնասելը:

Ջրամատակարարման կամ սննդի պարագաների թունավորումը:

Վարակիչ հիվանդությունների մանրէների տարածումը, ինչը կարող է առաջացնել համաճարակներ, ժանտախտ եւ այլն:

Քիմիական, ռադիոակտիվ եւ բակտերոլոգիական նյութերի օգտագործումը եւ այլն: Ի տարբերություն՝ «Սասնա ծռերի» արարքում հիշյալ գործողությունները բացակայում են: Հաջորդը, ահաբեկչությունը սուբյեկտի կողմից կատարվում է միջազգային կազմակերպությունների եւ իշխանության մարմինների գործունեությունը ապակայունացնելու ուղղակի դիտավորությամբ եւ հատուկ նպատակներով: Մինչդեռ «Սասնա ծռերի» արարքի դրդապատճառն ու նպատակը քաղաքական հենք ունի՝ ասել են՝ զավթած իշխանությունը վերադարձրեք ժողովրդին, տարածքները մի օտարեք եւ այլն:

Ինչ վերաբերում է գնդի տարածքը գրավելու ընթացքում տեղի ունեցած սպանություններին, գույքային վնաս պատճառելուն եւ այլն, դրանք ինքնուրույն հանցագործություններ են դիտվում եւ ահաբեկչության հանցակազմ չեն առաջացնում:

«Սասնա ծռեր» խումբը կատարել է քրեական օրենքով արգելված, պատժելի արարք եւ ընթանում է դատավարություն, ուստի նրանց մեծարելը կամ ահաբեկիչներ անվանելը ադեկվատ ու դյուրին չէ:

 

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

16.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930