Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարիներ առաջ, երբ զենքը լիքն էր, Ալավերդիում նման կոնֆլիկտները մի իսկական հեղինակություն էր հարթում». Համլետ Մոսինյան

Սեպտեմբեր 18,2017 13:35

Հրապարակախոս Համլետ Մոսինյանը, որը Ալավերդիից է, սակայն երկար տարիներ բնակվում է Գյումրիում, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով օրերս օրը ցերեկով Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Թուֆենկյան» համալիրի մոտ հնչած կրակոցներին, ինչի հետևանքով  Ալավերդու բնակիչ, 39-ամյա Վահագն Աբգարյանը վիրավորվել էր, իսկ նրա ընկերը՝ Գագիկ Մոսինյանը մահացել, ասաց․ «Եթե Ալավերդիում կամ առհասարակ Լոռիում իսկական հեղինակություն լիներ, քրեական հեղինակության մասին չէ խոսքս, հեղինակություն հատկապես իշխանությունում, էս պատմությունը էսպես չէր ծավալվի։ Ինչպես էին առաջ կանխվում այս պատմությունները, մի նկարիչ կար՝ Ալբերտ Պապոյան  անուն-ազգանունով, նա չէր թողնում Ալավերդիում որևէ կոնֆլիկտ ծավալվեր։ Տարիներ առաջ, երբ զենքը լիքն էր, մութ ու ցուրտ ասված տարիներին, նա հարցերը լուծում էր, նստեցնում էր երկու կողմին սեղանի շուրջ ու բարիշացնում էր, հաց էին կիսում, բաժակ-բաժակի էին տալիս, հաշտվում էին։ Հիմա չկա այդպիսի մի մարդ իշխանությունում, որը նստեցներ, հաշտեցներ, երբ որ կոնֆլիկտը նոր է սկսվել։ Կոնֆլիկտներ միշտ էլ եղել են, հարթվել են՝ ի շնորհիվ Պապոյան Ալբերտի, ընտրությունից հետո կլիներ կամ մեկ այլ հարցի շուրջ կլիներ, լարվում էին մարդիկ, նա անմիջապես, հենց սկզբից այդ հարցը լուծում էր։ Հիմա իսկական հեղինակություն չկա, հետևաբար և ամեն մի ջահել իրեն հեղինակություն  է պատկերացնում, ինքն իր իմացած ձևով հարցերը լուծում է։

Համլետ Մոսինյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Ես նման հարցերի լուծումը նույնիսկ ոստիկանության հետ չեմ կապում, այլ հարգանք, պատիվ ունեցող մարդկանց հետ, չկա հիմա մի պաշտոնյա, որին լսեն բոլորը, որի խոսքն անցնի։ Վերջերս մտածում եմ՝ ի՞նչն է  պակասում, հենց էդ տեսակ մարդիկ են պակասում, թե չէ զենք էն ժամանակ շատ ավելի կար, գիշերները կրակում էին, Ալավերդու ոստիկանապետը զրահաբաճկոնով էր ման գալիս, բայց Պապոյանը կարողանում էր այդ հարցերը չբարդացնել։ Ես հիշում եմ՝ էն ժամանակ անգամ դանակահարություն չէր լինում, ինքը զգում էր ճիշտ պահը, հատկապես ընտրություններից հետո անմիջապես բոլորին նստեցնում էր հացի սեղանի շուրջ, վերլուծում էին ճիշտ, սխալ, հաշտեցնում էր, վերջանում էր»,- ասում է Համլետ Մոսինյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝  երիտասարդության հոգեբանությունն այլանդակողներից մեկը հայկական սերիալներն են։ «Ջահելներն, աչքերը բացելով, ի՞նչ են նայում, էկրանի վրա ամեն վայրկյան զենքը հանելով՝ սրան են կրակում, նրան են գողանում․․․ «Երեխեքին» թվում է էդպես պիտի դաստիարակվեն, որ դա հասարակ բան է, ինձ նեղացնեն, պիտի դրան խփեմ։ Հայկական անմակարդակ սերիալները մեր այս սերնդի վրա մեծ ազդեցություն են թողնում։

Կառավարությունը մի բաժին ունի, որը զբաղվում է մասնագիտությունների կանխատեսմամբ, այս բաժինը մի քանի տարի առաջ  դպրոցներում հարցումներ է անցկացրել,  թե ի՞նչ են ուզում երեխաները դառնալ։ Երևանի դպրոցներից մեկում 10-րդ դասարանցի մի տղա ասել է՝ ուզում եմ քիլլեր դառնալ։ Սա արձանագրված է, փաստ եմ ասում, երբ հարցրել են՝ իսկ քիլլերը գիտե՞ս ինչ է, ասել  է՝ ոնց չգիտեմ, էն, որ վճարում են, գնում, մարդ է սպանում։ Ասել են, բալիկ ջան, եթե վճարեն, ասեն եղբորդ խփի, պատասխանել  է՝  եթե դա է իմ մասնագիտությունը, պիտի խփեմ, էլի։ Այ, էդ աստիճանի է հասել»,- ասում է Համլետ Մոսինյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Վահագն Աբգարյանը մտավորականների ընտանիքից է, նրա մայրը լրագրող է եղել, հայրը՝ դասախոս, ինքն էլ բազմիցս հովանավոր է կանգնել գրքերի հրատարակմանը։ «Քանի որ ես չգիտեմ ինչից է առաջացել այս պատմությունը, կարելի է ենթադրել, որ գուցե փորձում են նրա փոքրիկ բիզնեսը խլե՞լ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930