Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի պահվածքը պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ». Կարեն Միրզոյան

Սեպտեմբեր 18,2017 13:16

Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, անդրադառնալով շփման գծում իրավիճակին, ասաց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ շփման գծում կայուն իրավիճակ ապահովելու եւ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար. «Ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհեր, դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք նման հակառակորդ»:

Կարեն Միրզոյանը նշեց, որ իրավիճակը սահմանին վերահսկվում է եւ լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ, այդպիսին էլ շարունակելու է մնալ։ Նախարարն ընդգծեց, որ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը լարվածությունը հակամարտության գործում մեծացնում է, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետեւողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջեւ եւ վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության  վերջնական կարգավորման ողջ գործընթացը»:

Կարեն Միրզոյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, ուստի հակառակորդի ռազմատենչ ձգտումները, ախորժակը զսպելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնենք պաշտպանական համակարգի եւ բանակի կատարելագործման ու արդիականացման վրա:

Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ վարք է դրսեւորում եւ նման պահվածք է որդեգրել, ըստ նախարարի, այդ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի  բացակայությամբ. «Հիշեցնեմ, որ երբ Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք անդամ, կիրարկվել են ամենակարեւոր փաստաթղթերը: Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձով բանակցային սեղան՝ որպես լիարժեք մասնակից, մենք կկարողանանք նոր լիցք և բովանդակություն հաղորդել բանակցային գործընթացին եւ այն տանել դեպի տրամաբանական ավարտ: Այդ տեսակետը կիսում են նաեւ համանախագահները, միջազգային հանրությունը, միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930