Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները 3 տարի դատարաններում արդարություն են փնտրում

Սեպտեմբեր 18,2017 12:59

Երեւանի բնակիչ, 1960 թ. ծնված Աշոտ Եղյանը 2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի «Մաֆլար» հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ, հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում դրսեւորել է անզգուշություն՝ անփութություն, չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել եւ այրել Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը, նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս:

Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»):

Այդ քրեական գործով 2015թ. ապրիլի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացել: Նա համարել է, որ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգնվել է:

Դատարանն անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին, համարել է, որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ:

Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը,ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի:

Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացել: 2016թ. մարտի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հրդեհից տուժած գյուղացիները վճռական են տրամադրված: Նրանցից Վազգեն Մանուչարյանը ասել է. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: 2015 hունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու»:

Այս քրեական գործով դատական հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, կայացել է 2017թ. սեպտեմբերի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930