ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա») կայացած ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը նվիրված էր Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
Այն անցկացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀԱՕԿ-ի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:
Ճապոնիայից ժամանած կարատեի եւ ձյուդոյի մասնագետները վարպետության դասեր էին անցկացրել մեր մարզիչների հետ, հանդես եկան ցուցադրական ելույթներով։ Ելույթ ունեցան նաեւ ճապոնական մարտարվեստների հայ մարզիկները։
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի խոսքերով, երկրորդ անգամ փառատոնի անցկացման դրական կողմերն արդեն նկատելի են: Փոխնախարարը կարեւորեց, որ Հայաստանում կարատեի տարբեր ճյուղեր միավորվում են մեկ ֆեդերացիայի շուրջ։ «Շատ կարեւոր է, որ այժմ անցկացվում է Հայաստանի մեկ՝ միասնական, առաջնություն։ Կարատեն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագիր եւ մեր մարզիկները պայքարելու են 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար», – ասաց Գաբրիել Ղազարյանը եւ փաստեց, որ այս փառատոնը վկայում է նաեւ հայ-ճապոնական համագործակցությունը սպորտի ոլորտում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի