Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով:
«Զարթնի լաո», «Գետաշեն» երգերի հնչյունների ներքո, մեկը՝ եռագույնի գույներով փողկապով, մյուսը՝ անմոռուկը կրծքին, սփյուռքահայերը շրջում են Արցախի, «Ազգ-բանակ» տաղավարների մոտ, տարածքում տեղադրված ամեն եռագույն դրոշի մոտ կանգնում, սելֆիներ անում, պարապ մարդ տեսնելուն պես խնդրում են իրենց «պատկերը քաշել»:
Համաժողովին մասնակցում են 1500-ից ավելի պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ աշխարհի 70 երկրներից:
Առաջին անգամ մասնակցում են Սուդանի, Մալազիայի, Եթովպիայի ներկայացուցիչները:
Համաժողովին ներկա են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախարարներ, պատգամավորներ:
Այստեղ է նաեւ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փալյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Ուրախ եմ, որ այստեղ եմ: Այս անգամ որպես պատգամավոր եմ այցելում Հայաստան»:
Փալյանը խոստացավ, որ առաջիկայում ասուլիսով է հանդես գալու եւ կպատասխանի բոլոր հարցերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ