Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովում. «Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով»

Սեպտեմբեր 18,2017 10:34

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ» ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Ողջունում ենք ձեզ համաժողովի գումարման առիթով և Հայրապետական Մեր սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը բերում ամենքիդ: Ուրախ ենք, որ ազգային համախմբման միասնական տեսիլքով մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակները այսօր կրկին մեկտեղվել են Մայր Հայրենիքում, հայոց պետության հովանու ներքո` քննարկելու ազգային մեր կյանքը հուզող հարցեր ու խնդիրներ:

«Հայաստան-սփյուռք» համաժողովները կարևոր հարթակ են դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր ժողովրդի ներկայի և ապագայի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են:

Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը և Սփյուռքում ազգային կյանքը: Նշանակալի է եղել սփյուռքահայերի մասնակցությունը հայրենական կյանքին՝ սկսած արցախյան ազատամարտին անմիջական ու անձնվեր մասնակցությունից ու նորաստեղծ մեր երկրի կյանքում ներդրված միջոցներից մինչև այլ երկրներում ի նպաստ Հայաստանի ու Արցախի ծավալած քարոզչական աշխատանքները: Միաժամանակ հայրենի պետության կողմից ջանքեր են ներդրվել ամրապնդելու հայրենիքի և սփյուռքի կապերն ու համագործակցությունը, աջակցելու սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին և սփյուռքի տարբեր հատվածների համախմբմանն ու առկա հնարավորությունները առավել նպատակային օգտագործմանը, սատարելու պատերազմական իրավիճակում հայտնված մեր ժողովրդի զավակներին, ինչպես՝ Սիրիայում և Իրաքում:

Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:

Մեր պետությունը՝ թեև բազում դժվարությունների առջև, համայն հայության պատվարն է և մեր ժողովրդի գոյատևման երաշխավորը: Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում: Ազգային համախմբման հարցում ամենքս միակարծիք ենք ու հաստատակամ: Համախմբումը, սակայն, զերծ պիտի լինի հատվածական հետաքրքրություններից ու ժամանակավոր նպատակահարմարություններից: Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը և ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի և ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը: Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջև է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված և մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրև ազգի զավակ, իբրև կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս և ի սփյուռս միասնաբար:

Եկող տարի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման: Մեկ դար առաջ այդ օրինակը բերեց մեր ժողովուրդը՝ միահամուռ կամքով պաշտպանելով հայրենիքը և վերակերտելով պետականությունը: Այսօր մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը պահանջում է միասնական առավել ջանքեր, ինչպես և պատերազմի վտանգի ներքո գտնվող ժողովրդի զգոն ու սթափ գիտակցություն և առավել պատասխանատվություն: Մեր երկիրը հեռու պիտի պահենք ցնցումներից և ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու և հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին:

Այս տեսլականով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, արդյունավորի ջանքերը համաժողովի կազմակերպիչների ու մասնակիցների և լուսավորի մեր մտքերը՝ գտնելու լավագույն ուղին մեր հայրենիքի ու ժողովրդի զորացման և առաջընթացի:

Թող Աստված խաղաղ պահի աշխարհը, մեր երկիրն ու համայն ժողովրդին:

Մեր Տիրոջ շնորհները, սերն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ: Ամեն:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930