Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի չորրորդ միջազգային համաժողովը: Միջոցառմանը ներկա էին 12 երկրների եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամներ՝ Վրաստանից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, անգամ Ռուսաստանից: Համաժողովի գլխավոր կազմակերպիչ Արման Կազարյանն ասաց, որ Եվրոպական պառլամենտ գործում է նաեւ Ռուսաստանում:
Այս անգամ համաժողովին հաջորդող միջոցառումներին կքննարկվեն կիբերանվտանգության, ահաբեկչության պաշտպանության, առողջապահական հարցեր եւ կառաջարկվեն լուծումներ: Արցախյան պատերազմի հարցը եւս օրակարգում կլինի: Aravot.am-ի հարցին, թե համաժողովում առաջարկվող լուծումները ո՞ւմ են ներկայացվում, արդյոք որեւէ միջազգային կառույցի, Արման Կազարյանն ասաց, որ այս թեմաները քննարկվում են կոնֆերանսի մասնակիցների մեջ, կոնֆերանսից դուրս այն էական ինչ-որ բան չի նշանակում, այդուհանդերձ մեր զրուցակիցը նշեց, որ մեծ հաշվով այդ քննարկումների նպատակը մարդկանց գիտելիքներն ու աշխարհայացքն այս կամ այն խնդիրների շուրջ ավելացնելն ու փոխելն է:
Ըստ նրա, նախորդ համաժողովի ֆինանսավորողը Հայաստանի Կենտրոնական բանկն է եղել, եւ երիտասարդական պառլամենտի առաջարկած լուծումներից մեկը գնացել է Կենտրոնական բանկ եւ ԿԲ-ն փորձելու է այդ լուծումները կիրառել Հայաստանում:
Թե քանի անդամ ունի երիտասարդական Եվրապառլամենտը, Արման Ղազարյանը դժվարացավ պատասխանել, ասաց, որ հազարի հասնող դիմորդներ կան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ