Այսօր`սեպտեմբերի 17-ին, ժամը 18.30-ից մինչեւ հիմա, ավելի քան երկուսուկես ժամ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում միջպետական ավտոճանապարհը փակել են: Ճանապարհը փակելու պատճառով ճանապարհին ավտոմեքենաների մեծ խցանում է առաջացել: Տավուշի մարզի տարածքից շատ ավտոմեքենաներ Երեւան հասնելու համար ստիպված են անցնել երկար ուղի՝ Ճամբարակով:
Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ ճանապարհ փակողների թիվը մի քանի հարյուրի է հասնում: Ճանապարհը փակածների հետ բանակցել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ անտառում փայտ պատրաստելու համար իրենց տրված փաստաթուղթը 3 օր օգտագործման ժամկետ ունի, իրենք չեն հասցնում այդ ժամկետում վառելափայտ պատրաստել:
Գ. Թամրազյանը հայտնեց, որ միջպետական ավտոճանապարհը բացելու նպատակով ճանապարհ փակողների հետ հանդիպելու համար սպասվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալի, Հայանտառի գլխավոր տնօրենի տեղակալի, բնապահպանության նախարարի տեղակալի կամ բնապահպանական պետական տեսչության պետի ժամանումը Հաղարծին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ