Շուրջ մեկուկես ժամ է, ինչ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում, ի նշան բողոքի, միջպետական ավտոճանապարհը փակել են: Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանն ասաց, որ ճանապարհ փակողների թիվը մեծ է, նրանք ոչ միայն Հաղարծնի, այլեւ հարակից բնակավայրերի, Իջեւանի բնակիչներ են:
Ճանապարհ փակողները դժգոհում են, որ անտառից վառելափայտ պատրաստելու համար իրենց տրված փաստաթուղթը 3-օրյա օգտագործման ժամկետ ունի, իրենք չեն հասցնում այդ 3 օրում անտառում վառելափայտ պատրաստել, այդ պատճառով ոստիկանության հետ խնդիրներ են ունենում: Ճանապարհը փակածները պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպելու գան բնապահպանության նախարարը, Հայանտառի գլխավոր տնօրենը: Ճանապարհը բացելու համար բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավարները, Հաղարծնի վարչական ղեկավարը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ