Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «Առավոտը»-ը և ես նպաստեցինք վարչապետ Կարապետյանի բարգավաճմանը

Սեպտեմբեր 17,2017 14:00

Հոդվածը կարող էր այլ վերնագիր ունենալ, բայց քանզի Կարեն Կարապետյանի թեթև ձեռքով զրկված ես աշխատանքից, վերնագիրը ծնվում է ի հեճուկս: Եվ հետո, տեղին ու ճիշտ կլիներ ասել `«էլ ավելի բարգավաճմանը», ուղղակի երկար կստացվեր:

«Կարդացեք թերթեր, դրանք երբեմն սփռում են օգտակար մտքեր». ասում էր Օստապ Իբրահիմովիչը, երբ Ադամ Կոզլևիչի «Անտիլոպով» գնում էին ավտոարշավի առջևից: Այս դեպքում օգտակար էր հին թերթեր կարդալը, քսանամյա վաղեմության հայկական մամուլ, որը մտորումների է մղում հայ լրագրության նախկին նախանձելի օգգ-ի` օգտակար գործողության գործակցի մասին: Առավել ևս, երբ դրա հեղինակն ես:

1998-99 թվականներին աշխատել եմ «Առավոտ» օրաթերթում, և մի նյութ էի գրել վերագազաֆիկացման մասին` «Բնական գազ` առանձին վերցրած մեկ գյուղում», վերնագրով: Մի օր լրագրող Լուսինե Բադալյանն ասաց, որ իր նյութում իմ հոդվածն է նշել,  և էներգետիկայի նախարարը հետաքրքիր բան է ասել:

«Էներգետիկայի նախարարը չի թաքցնում լավատեսությունը» հոդվածում կարդում ենք. «Պարզվեց նաև, որ էներգետիկայի նախարարը «Առավոտի» հավատարիմ ընթերցողն է: Համենայնդեպս, անդրադառնալով մամուլին, իր բոլոր մեջբերումներն անում էր մեր թերթից: Այսպես, Գայանե Մկրտչյանի հոդվածը Մասիսի գյուղերի մասին դարձել է գազամատակարարման 10 հազար պատվերի առիթ: «Դա դրսից ստացված մի քանի միլիոն վարկ արժե»:

Փաստորեն, մեր մամուլի օգտակար գործողության գործակիցն այն ժամանակ նախանձելիորեն բարձր էր: Իհարկե, նպաստավոր հանգամանք էր նաև այն, որ հայ մարդն ուզում էր արագորեն ազատագրվել մութ ու ցուրտ տարիներից, իսկ բնական գազը լույսի ու տաքի հետ էր ասոցացվում:

Իսկ ինչ կապ ունի այս ամենի հետ Կարեն Կարապետյանը: Շատ ուղիղ, կարդանք իր պաշտոնական կենսագրության այս  հատվածը`

1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:

2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

Դատելով այս փաստից, որ Կարեն Կարապետյանը 98 թվականից աշխատել է Հայաստանի էներգոհամակարգում, իսկ 2001-2010 թթ եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ- գլխավոր տնօրենը, ուրեմն «Առավոտ» թերթը և անձամբ ես ազնվորեն և օբյեկտիվորեն ճիշտ ժամանակին իսկապես նպաստել ենք վարչապետ Կարեն Կարապետյանի է՛լ ավելի բարգավաճմանը: Սա ոչ լավ է, ոչ էլ` վատ, ուղղակի հետաքրքիր է:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Հ. Գ.- Հնարավորինս ազնիվ լինելու և անսպասելիության տարրը բացառելու համար հոդվածի մասին տեղյակ եմ պահել Էներգետիկայի այն ժամանակվա նախարար Գագիկ Մարտիրոսյանին և «Առավոտի»  այն ժամանակվա և այժմյան գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930