Բաքվի բանտից ազատված և Իսրայել վերադարձած բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել բլոգում «Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում 2017թ. սեպտեմբերի 10-ին» վերնագրով, որում հերքում է իր՝ ինքնասպանության փորձ կատարելու վարկածը և նշում, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել:
«… Այժմ, երբ ադրբեջանական դժոխքը մնացել է հետևում, ես գրում եմ այս տողերը Հայֆայի Հոֆ Կարմել լողափից, և ստիպված եմ բացատրել հետևյալը.
1.Կտրականապես հերքում եմ ադրբեջանական պաշտոնական սուտը առ այն, որ իբր Բաքվի բանտում ինքնասպանության փորձ եմ կատարել 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, մարդասիրություն է ցուցաբերել և խեղճուկրակ ինքնասպանին որոշել է ներում շնորհել մտացածին ինքնասպանության փորձից մեկ օր անց:
2.Ըստ էության, 2017թ. սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ ես արդեն քնած էի Բաքվի բանտի իմ №10 խցում, հանկարծ լսվեց դռան բանալու ձայնը, և դուռը բացվեց: Ես պառկած էի մեջքով դեպի դուռը և չէի հասցրել վեր կենալ, երբ ինչ-որ մարդիկ բռնեցին վզիցս, ձեռքերիցս, իսկ հետո բռունցքներով մի քանի հարված հասցրին կողքերիս: Այլևս ոչինչ չեմ հիշում: Հաջորդ բանը, որ հիշում եմ- արդեն Բաքվի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր, որտեղ ես պառկած էի՝ միացված ինչ-որ սարքերի, սեռական օրգանիս վրա ձողախողովակ, դեմքիս՝ թթվածնային դիմակ: Նաև կոտրել էին երկու ատամ ու մեջքս, կողքերիս վրա էլ արյունազեղ ուռուցքներ էին:
3. Ենթադրում եմ, որ մարդասպաններին կամ վախեցրել են, կամ նրանց նպատակն ուղղված էր ավելի շուտ վարկաբեկել Ալիևի իշխանությունն Ադրբեջանում: Բաքվի բանտում իմ մահը ձեռնտու կլիներ Ալիևի մոտ շրջապատի մի շարք անձանց, որոնք անկասկած կարծում են, որ նրան պետք է հանգստի անցնել: Ընդգծեմ՝ դա ի՛մ վարկածն է, թեկուզ և հիմնված արտասահմանում ապրող մի շարք ադրբեջանցի լրագրողների և ժողովրդավար ընդդիմության նմանատիպ մտքերի վրա, որոնք ստիպված են ապրել հայրենիքից դուրս:
4. Երեկ Թել Ավիվի «Շիբա» հիվանդանոցում անցկացվեց ընդհանուր հետազոտություն: Բժիշկները նշում էին, որ մի շարք վնասվածքների բնույթը հիշեցնում է ավելի շուտ ֆիզիկական բռնություն, այլ ոչ թե ինքնասպանության փորձ: Բժիշկներն ուշադրություն են դարձրել խեղդելու հետևանքով վզի վրա՝ ուսի մոտ առաջացած խորը հետքի վրա, բայց դա ընդհանրապես բնորոշ չէ ինքնասպանությանը, քանի որ կախվելու հետևանքով այդ հետքը սովորաբար լինում է ականջի շրջանում: Եվ ընդհանրապես, ինչու պիտի ես «ինքնասպանվեի» իմ մոր ծննդյան օրը (10.09), և այն էլ արտահանձնման շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում: Սպիտակ թելերով կարելու պատմություն է (նկատի ունի՝ ակնհայտ սուտ է- խմբ.):
Դեռ այս թեմային կվերադառնանք, իսկ առայժմ դուրս գամ զբոսանքի: Պետք է վերադառնալ բնականոն կյանքի: Ադրբեջանցի բժիշկները այնպիսի դեղեր են ներարկել, որ անգամ 3 օր անց տպավորություն է, որ թմրանյութերի ազդեցության տակ եմ: Դեռ դժվարանում եմ ուտելիք կուլ տալ, երեկ ընդհանրապես սնվել եմ կաթոցիկի օգնությամբ, այսօր արդեն ինքնուրույն ծամում եմ, չնայած՝ ոչ առանց լարվածության: Դժվարանում եմ ջուր խմել, հազ է սկսվում: Բժիշկներն ասում են, որ կվերականգնվեմ 3-5 օրից կամ ավելի ուշ»,- գրել է բլոգերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հայաստանում «քաղբանտարկեալներ» երեւակայողները թող մի քիչ տեղեկանան այսպիսի իրականութիւններու, եւ ամաչեն որ այդ բառը այդքան թեթեւսոլիկ կերպով են շահագործում – չնայած որ միայն իրենք իրենց են տպաւորում այդ անհեթեթ հանկերգով –