Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ընկեր Մելիքյանը կեղծե՞լ է իրեն և մարտնչող աթեիստի դիմակով քարոզել Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը. Ավետիք Իշխանյան

Սեպտեմբեր 16,2017 21:39
Avetiq Ishxanyan

Հայհոյանքը փաստի սով է. Հակոբ Պարոնյան

«Ես էլ ինքս մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու: Ավելի լավ է ազգանվեր լինել, հայ եկեղեցու մոլի երկրպագու, քան որոշների նման տարաբնույթ աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի պատասխանն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:

Պարոն Գագիկ Մելիքյանի կենսագրությանը ծանոթանալիս, պարզվում է, որ նա 1989-1991թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ: Հետաքրքիր է` լինելով կոմունիստական կուսակցության անդամ և հրահանգիչ, արդյոք այն ժամանակ ընկեր Մելիքյանը կեղծե՞լ է իրեն և մարտնչող աթեիստի դիմակով քարոզել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ուսմունքը: Այժմ արդեն պարոն Մելիքյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: Եթե չեմ սխալվում ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքը Գարեգին Նժդեհի ցեղակրոնական գաղափարախոսությունն է, որը մերժում է քրիստոնեությունը: ՀՀԿ-ի հիմնադիրները կուսակցական երդում են տվել Գառնիի հեթանոսական տաճարում:

Այժմ կցանկանայի մի քանի հարցեր ուղղել պարոն Մելիքյանին.

1. Ինչպե՞ս է նախկին աթեիստ-կոմունիստը համատեղում նժդեհականությունը և ՀԱԵ-ի ուսմունքը,

2. Որ կրոնական ուղղություններին է պարոն Մելիքյանն անվանում «աղանդներ, կեղծ ուսմունքներ ու ապազգային երևույթներ»: Հավանաբար բոլոր ոչ առաքելականներին: Այսինքն արդյոք նա այպանում և պիտակավորո՞ւմ է Սողոմոն Թեհլերյանին, Մոնթե Մելքոնյանին, Հրանտ Դինքին, ՈՒիլյամ Սարոյանին, ողջ Մխիթարյանական միաբանությանը և այլոց:

3.Արդյոք պարոն Մելիքյանը «աղանդներ, կեղծ ուսմունքներ ու ապազգային երևույթների պաշտպա՞ն» է համարում Րաֆֆուն. Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միևնույն ընտանիքի զավակներն ենք: Կրոնը որ մի ժամանակ բաժանել էր մեզ, այժմ ազգի և հայրենիքի սերը պետք է միացնե: Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել: Մենք հայ էինք, երբ հեթանոս էինք, և հայ կմնանք, երբ հազար անգամ կփոխենք մեր կրոնը:

«Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…»:

«Եթե մի օր հայոց աստվածը մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական կխնդրե Հայաստանի կործանման ու նրա զավակների արյան վրեժը մեր ազգի թշնամիներից, առաջին պատասխանատուն կլինեն մեր եկեղեցականները: Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, խոնարհության, քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել»:

4.Թումանյանին

Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

5.Լեռ Կամսարին

Կրոնը մութ սենյակ մըն է, ուր նստած է աստված: Սենյակը որքան ավելի մութ ըլլա՝ այնքան աստված կա, իսկ եթե լուցկի մը վառես՝ աստված չկա: «Լուսավոր» կրոն ըսել «տաք» կամ «չորցուցած» ձյուն ըսելու կնմանի: Կրոն մը որքան խավար նախապաշարված ու սնոտիապաշտ ըլլա, այնքան կատարյալ է՝ աստված մը ինչքան հեռու է, այնքան «ամենակալ» է, որքան չի երևար՝ այնքան «ամեն տեղ» է:

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Մելիքյանը ու նմանները չունեն հավատամք, վաղը ով էլ գա իշխանության, նրանց դուդուկն է փչելու․․․ մենակ թե կերակրամանին մոտ լինի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930