Այսօր Արցախի Տող գյուղում կայացավ արցախյան գինու չորրորդ փառատոնը: Փառատոնի ընթացքում իրականացվել են հայաստանյան և արցախյան գինիների համտես, գինիների և գյուղատնտեսական ապրանքների վաճառք և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, ազգագրական երգերի ու պարերի կատարումներ և այլ միջոցառումներ:
Այս տարի փառատոնին մասնակցում էին 22 մասնագիտացված գինեգործական ընկերություններ, ինչպես նաև մասնավոր գինեգործներ` ներկայացնելով իրենց արտադրանքը ընդհանուր 30 տաղավարում:
Aravot.am-ի հետ զրույցում Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ փառատոնի անցկացումը ունի երկու հիմնական նպատակ. առաջինը` Արցախում ստեղծել զբոսաշրջային լրացուցիչ գրավչություն, և երկրորդ`տեղի գինեգործության արտադրության խթանում:
«Արենու գինու փառատոնն է մեզ միտք հաղորդել` Արցախում գինու փառատոն անցկացնելու համար: Այն նպատակային է իրականացվում հենց Տող գյուղում, որպեսզի Արցախի հարավային զբոսաշրջային երթուղուն լրացուցիչ ակտիվություն հաղորդի:
Այս մի քանի տարվա ընթացքում փառատոնը դարձել է ավանդույթ, դարձել է մի երևույթ, որին հանրությունը սպասում է»,- ասում է Սերգեյ Շահվերդյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ