Հայ երաժիշտները օրերս մաս էին կազմում դասական երաժշտության ամենանշանակալի իրադարձությանը՝ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրված էր ելույթ ունենալու «Գրամոֆոնի» 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի տարբեր անվանակարգերում առանձնացնում է դասական երաժշտության ոլորտում աշխարհի լավագույն երաժիշտներին։
Սերգեյ Սմբատյանը մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում տված հարցազրույցում ընդգծեց, որ իր և նվագախմբի համար մեծ պատիվ է գտնվել Լոնդոնում և ելույթ ունենալ այս հեղինակավոր միջոցառմանը։ Նա, ներկայացնելով Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, նկատեց, որ այն ստեղծվել է այս տարի. անդրանիկ բեմելը կայացել է ապրիլի 24-ին Երևանում՝ հանդես գալով իր գործընկեր դիրիժորների հետ։ «Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության մեծ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Համահայկական նվագախմբի երաժիշտները հանդես են գալիս աշխարհի առաջատար նվագախմբերում. նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում, սովորել են միևնույն կոնսերվատորիայում, միևնույն ավանդույթների կրողն են: Եվ նման նախագծերը լավ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք՝ հայերս, միասնական ենք:
Ի դեպ, «Գրամոֆոնում» Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի առաջին միջազգային բեմելն էր. մաեստրո Սմբատյանը հարցազրույցում նշեց, որ Համահայկական նվագախմբի մյուս դիրիժորների հետ քննարկումներ են տանում համահավաք այս կոլեկտիվի գաղափարը զարգացնելու ուղղությամբ, կան շատ ծրագրեր, և Սերգեյ Սմբատյանը հույս հայտնեց, որ նվագախումբն ավելի հաճախ ելույթներ կունենա: Նա նաև ընդգծեց, որ սա առանձնահատուկ գաղափար է, որը ցույց է տալիս դասական երաժշտության մեր յուրահատուկ ավանդույթները։
Ամբողջ մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով։ Ինչպես իր ցանկացած արտասահմանյան համերգի ընթացքում՝ «Գրամոֆոնում» նույնպես Սերգեյ Սմբատյանը հնչեցրեց հայկական երաժշտություն։ Դասական երաժշտության ճանաչված ներկայացուցիչներն ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի բալետներից։
«Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին, բարձր գնահատելով Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի կատարողական արվեստը, նկատեց, որ հրաշալի կոլեկտիվ է, երաժիշտները նվագում են կրքով, էներգիայով և հիասքանչ զգացումով: «Երիտասարդ նվագախումբ է, երաժիշտները նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է»,- ասաց Ջեյմս Ջոլին:
Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ընթացքում
Սերգեյ Սմբատյանի հարցազրույցը «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ընթացքում
Համահայկական նվագախումբ