Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականություն դարձավ բոլորիս երազանքը՝ ունենալ հայ երաժշտությունը խորհրդանշող հարթաքանդակների թանգարան». Հրանուշ Հակոբյան

Սեպտեմբեր 16,2017 17:11

Սեպտեմբերի 16 ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում «Նաիրի» երաժշտական այգում հանդիսավորույամբ բացվեցին հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձանները: Փառատոնի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամները, հյուրեր:

Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Կարծում եմ այսօր իրոք խորհրդանշական օր է: Իրականություն դարձավ բոլորիս երազանքը՝ ունենալ ազգային երաժշտական ժառանգության, հայ երաժշտությունը, երաժշտարվեստը խորհրդանշող հարթաքանդակների թանգարան: Մշակութային մերօրյա խառնարանում պետք է ավելի զգոն լինենք ազգային ու միջազգային բոլոր հարթակներում տեր կանգնենք մեր ունեցվածքին, հանրահռչակենք այն և մոռացությունից փրկենք մեր ինքնության պահպանման կարևորագույն գրավականներից մեկը հանդիսացող երաժշտական, մշակութային ժառանգությունը: Շնորհակալ եմ պարոն Հարոյանին՝ այս մտահղացման համար, քանդակագործ Յուրի Պետրոսյանին, ճարտարապետներ Ասլան Մխիթարյանին և Հայկ Մկրտչյանին, այս տան տիրոջը՝ Գրիգոր Ղուկասյանին հյուընկալության և աջակցության համար»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորեց բոլորին՝ այգու բացման կապակցությամբ և հավելեց. «Խորհրդանշական է, որ մենք բացառիկ ձևով ենք մոտենում մեր  մշակույթի պահպանման և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործին»:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց , որ այգին բացառիկ երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար:

Փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը հավելեց. «Արվեստը հրաշագործ ուժ ունի, ամենամեծ զենքն է: Հայրենասիրություն է ցուցադրված ոչ թե խոսքով, այլ գործով: Այս փառատոնը պետք է դառնա համահայկական, և միավորի աշխարհասփյուռ հայերին: Այսօր պատմական իրադարձության շեմին ենք կանգնած»:

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց տոնական համերգով:

Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխություն – շքահանդեսը:

ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930