Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ համեղ եւ գունեղ աշնանային փառատոն Անգլիական այգում (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2017 18:29

Ֆենխել, բատատ, ֆիզալիս, քեյլ, իտալական քաղցր բազիլիկ, հազրեվարդ, օրեգանո, մելիսսա, եղեսպակ, շիայի յուղ, կտավատի ձեթ, քինոա, կանաչ հնդկաձավար… Անծանոթ բառե՞ր են, թե՞ ծանոթ են, բայց մտքներովդ անգամ, չէր անցնի, որ դրանք աճեցվում են Հայաստանում եւ այսօր վաճառքի էին հանված Երեւանում արդեն չորրորդ անգամ անցկացվող Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնի ժամանակ` կազմակերպված «Կանաչ արահետ» ընկերության կողմից:

Անգլիական այգում իսկական տոնական տրամադրություն էր` մի կողմից երգ ու պար, ժողովրդական երաժշտություն, մյուս կողմից` համեղագույն մթերքներ` ինչպես բոլորիս քաջածանոթ եւ սիրելի, այնպես էլ` մինչ այժմ անհայտ եւ զարմանալի:

Մեղրի տեսակներ` Հայաստանի բոլոր անկյուններից, գույնզգույն եւ տարատեսակ չրեր, մարինադներ, թթուներ, պանրի տեսականի, գինիներ եւ օղիներ` հնարավոր բոլոր մրգերից եւ պտուղներից… Գունեղ ու համեղ միջավայրը Անգլիական այգի էր ձգել զբոսաշրջիկների եւ տեղացիների:

Փառատոնի հիմնական մասնակիցները մարզերի այն ֆերմերական եւ անհատ տնտեսություններն էին, որոնք մասնակցել են եւ մասնակցում են տարբեր միջազգային ծրագրերի եւ դրանց օգնությամբ կազմակերպել են իրենց արտադրությունը: Միջազգային ծրագրերի հիմնական մասը ԵՄ ֆինանսավորմամբ են, թերեւս այդ պատճառով էր, որ այս փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին` եկել էր տեսնելու իրենց աշխատանքի արդյունքը, չէ՞ որ` «ճտերին աշնանն են հաշվում»:

Ներկաներին եւ հյուրերին ողջունեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն եւ «Կանաչ արահետի» նախագահ Նունե Սարուխանյանը: Փառատոնի կայացմանն աջակցում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որի կողմից գյուղական արտադրանքի տեսականուն ծանոթանալու էր եկել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Բացի ՀՀ մարզերի բնակիչներից` այս տարի փառատոնին մասնակցում էին նաեւ հյուրեր. վրացական տաղավարում ներկայացված էին վրացական պանիրներ, գինիներ, քաղցրավենիք, իսկ իրանական տաղավարում` ծղոտե պայուսակներ, զամբյուղներ եւ խուրմայի տեսակներ: Սիրիահայ ձեռներեցները ներկայացնում էին իրենց աշխատանքները` ինչպես սնունդ, այնպես էլ` ձեռագործ աշխատանքներ, արծաթեղեն և այլն:

Փառատոնը, իսկապես, ստացված էր` գոհ էին ե’ւ երեւանցիներն ու զբոսաշրջիկները, որոնք հեռանում էին լիքը-լիքը տոպրակներով, ե’ւ ֆերմերները, որոնք հնարավորություն էին ստացել իրենց առաջարկներով հանդես գալ` մեծ լսարանի առջեւ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930