«Լապշինին որպես նվեր օգտագործեցին՝ փորձելով բարելավել, օրինակ, ադրբեջանաիսրայելական հարաբերությունները»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Իսրայելին արտահանձնելուն, ասաց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Այն, որ Լապշինին փորձել են սպանել-ճնշել, գաղտնիք չէ, բայց ամենակարեւորը՝ նա հայտարարեց, որ մենք՝ հայերս, թուլանալու իրավունք չունենք: Ասաց՝ հայեր, եթե թուլանաք, թուրքերը եւ ադրբեջանցիները Ձեզ հետ կանեն այն, ինչ արեցին գերմանացիները հրեաների հետ: Այո, պետք է գիտակցենք, որ Երեւանի անվտանգությունը սկսվում է արցախաադրբեջանական սահմանից: Անգամ Լապշինն է գիտակցել, որ մենք իրավունք չունենք թուլանալու»,-նկատեց նա:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը հնարավոր միջազգային հարթակներում պետք է օգտագործի Լապշինի խոսքերը. «Պետք է բարձրաձայնել՝ եթե Ադրբեջանը ժողովրդավարության առումով զարգանա, կմտածի վստահության մեխանիզմների ներդրման մասին: Այս առումով հուսանք, որ սեպտեմբերին վերջին սպասվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման թեման Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելը կլինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ