2017 թվականի մայիսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը նշում էր, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ: Այդ հիմնադրամի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում էր ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում, որի համար նախատեսված է 1.3 մլն եվրոյի ներգրավում: Երկրորդ ծրագիրը ուղղված պետք է լիներ մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:
Քանի որ արդեն սեպտեմբեր ամիսն է, այսինքն՝ այդ «Վստահության հիմնադրամը» պետք որ արդեն մեկուկես ամիս ստեղծված լիներ, հարցում Էինք ուղղել ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այդ հիմնադրամը ստեղծվել է, եթե այո, ապա ե՞րբ, այդ հիմնադրամին հայկական կողմի մասնակցությունը ի՞նչ տեսքով է լինելու և ի՞նչ գումարի սահմաններում, ի՞նչ ընթացքի մեջ են նախանշված երկու ծրագրերը, այդ ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ, եթե կատարվում են, ապա ո՞ր փուլում են եւ երկրորդ ծրագրով որքա՞ն միջոցներ են նախատեսված: Այսինքն՝ հարցեր, որոնց պատասխանները, ենթադրվում էր, թե արդեն վաղուց պետք է լինեին:
Սեպտեմբերի 11-ին ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի մեր հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում՝ խոսքը 30 աշխատանքային օրվա մասին է: Բայց սեպտեմբերի 13-ին ՊՆ-ից ստացանք ամբողջական պատասխան:
«Հայաստանում պիտանելիությունից դուրս եկած ՀՀ ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման եւ մարդասիրական ականազերծման եւ ականային վտանգների իրազեկման ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության իրավական դաշտն ապահովելու նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը: Այն ենթակա է ՀՀ ԱԺ վավերացմանը եւ ներկայումս գտնվում է ՀՀ Սահմանադրական դատարանում, որի նիստը նշանակված է սեպտեմբերի 19-ին: Վստահության հիմնադրամն իր գործունեությունը կսկսի համաձայնագրի վավերացումից եւ դրա մասին ՆԱՏՕ-ական կողմին պաշտոնապես ծանուցելուց հետո: Այդ հիմնադրամով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգվելու է ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության (NSPO) կողմից»,-ասված է պատասխանում:
Քանի որ համաձայնագիրը դեռեւս չի գործում, բնականաբար՝ դրանով նախատեսված ծրագրերը չեն մեկնարկել, բայց ՊՆ-ում նախատեսում են, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն վերոնշյալ իրավական գործընթացները եւ 2018թ. ընթացքում ծրագրերը կիրականացվեն:
«Հիմնադրամով նախատեսված երկու ծրագրերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 1.3 միլիոն եվրո: Ծրագրերի վերջնական համաձայնեցումից հետո պահանջվող գումարի չափը կարող է փոփոխվել: Փոփոխման կարող է ենթարկվել կատարվելիք աշխատանքների ծավալը, օրինակ՝ ոչնչացվող տեխնիկայի քանակը: Այս պահի դրությամբ՝ հաստատված է Վստահության հիմնադրամի ղեկավար երկիր ԳԴՀ կողմից շուրջ 1.1 միլիոն եվրոյի ֆինանսավորումը»,-տեղեկացրել են ՊՆ-ից:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում