Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահեղ դատաստանը» հասավ Հայաստան

Սեպտեմբեր 16,2017 11:30

Հայ հանդիսականը վայելեց իտալացի երկու հանճարների ստեղծագործությունները՝ համադրված արվեստի դասական ձեւերով եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ահեղ դատաստան» համերգ-ներկայացումը:

Ներկայացման հեղինակ, իտալացի ճանաչված ռեժիսոր Պաոլո Միչիկը զարմանահրաշ հայտնագործություն էր արել՝ Վերդիի Ռեքվիեմի երաժշտությունը դրամատուրգիական գծով, ռիթմով մեկտեղել է Միքելանջելոյի հանրահայտ Սիքստինյան կապելլայի որմնանկարներով: Սա բացառիկ իրադարձություն էր, քանի որ մենք առաջին անգամ նույն երեկոյի ընթացքում միաժամանակ շփվում էինք իտալացի երկու հանճարների ՝ստեղծագործությունների հետ, համադրված արվեստի դասական ձեւերով եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Այստեղ ապագան ու անցյալը, ձայնը եւ լույսը վերածվեցին մի ամբողջության՝ շնորհիվ եռաչափ տեխնիկայի: Ներկայացման ընթացքում վերջինիս շնորհիվ երաժշտությունը փոխանցեց մարդու մարմնի քանդակային կառուցվածքը, որը ստեղծված է Տիրոջ պատկերով ու նմանությամբ: Միքելանջելոյի որմնանկարները կարծես շարունակեցին վերդյան երաժշտությունը, իսկ ավելի ճիշտ՝ լրացրեցին միմյանց: Վերդիի եւ Միքելանջելոյի երկու դաշնակիցների համադրությունը մեր հանդիսատեսի համար խորը հոգեւոր հայտնություն էր:

Երաժշտությանն ուղեկցող շարժուն տեսապատկերներին ռեժիսորի համար հիմք էր ծառայել Սիքստինյան կապելլայում Միքելանջելոյի վրձնած որմնանկարը, բնականաբար՝ եռաչափ անդրադարձով: Իսկ որմնանկարի պոետիկ բովանդակությունը կարծես իր շարունակությունը գտավ հանճարեղ երաժշտության մեջ, որտեղ հեղինակը մարդկությանը դիտում է իր երկի եզակի հերոս:

2012թ. իտալացի ռեժիսորի՝ Կրեմլի պալատում Վերդիի Ռեքվիեմի բեմադրությունից հետո ռուսաստանյան մամուլը, մասնավորապես՝ մասնագիտական, այդ թվում՝ Belcanto.ru-ն, գրել էր, որ սա իրադարձություն չէ միայն Մոսկվայի եւ Ռուսաստանի համար, սա բացառիկ իրադարձություն է ողջ աշխարհի համար:

Համերգ-ներկայացումը վարեց Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան) եւ թատրոնի մեներգիչների՝ Մարինե Դեինյան (սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), Հայկ Տիգրանյան (բաս): ԱՄՆ-ից հրավիրված էր մեցցո սոպրանո Էլենի Մաթոսը:

«Առավոտի» հետ զրույցում Պաոլո Միչիկը նշեց, որ երեւանյան ներկայացման գաղափարն ու հրավերը Կոնստանտին Օրբելյանինն է եւ Երեւանը 4-րդ քաղաքն է՝ Մոսկվայից, Փարիզից ու Քվեբեկից հետո, որտեղ իրականացրեց իր նախագիծը. «Ինձ Երեւանում նույնպես մեծ աջակցություն ցուցաբերեցին համերկրացիներս՝ վիդեո ծրագրավորող Դեյվիդ Բրոկոլին, զգեստների ձեւավորող Ալբերտո Սպիացին»: Հարցրինք՝ 4-րդ անգամ բեմադրելով «Ահեղ դատաստանը», փոփոխությունների ենթարկե՞լ է այն, նաեւ խնդրեցինք կարծիք հայտնել մեր արտիստների մասին, ռեժիսորը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի փոփոխության չի ենթակվել ներկայացումը եւ մշտապես լսելով, թե հայկական հոգին ու ոգին մի այլ տեսակ է, համոզվեցի այստեղ: Նախ պետք է նշեմ երգչախմբի բարձրակարգ կատարումը, առանձին մեներգիչների ոչ միայն բարձրարվեստ կատարումը, այլեւ խաղը, նույնիսկ նրանց աչքերի արտահայտությունը: Էլ չեմ խոսում մաեստրո Օրբելյանի մեկնաբանման մասին: Եվ քանի որ ի վերջո դիրիժորն է ցանկացած երաժշտական ստեղծագործության թիվ մեկ մեկնաբանը, պետք է ասեմ՝ բախտս նրանց առումով մշտապես բերել է, օրինակ, Ռուսաստանում ղեկավարեց Դմիտրի Յուրովսկին… Մեներգիչներն էին Պաատա Բուրչուլաձեն, Ելենա Զարենբան եւ այլն: Ի դեպ, Կրեմլի պալատի հսկայական բեմում մի քանի երգչախումբ էր, այդ թվում դարձյալ բարձրակարգ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը»:

Քանի որ Վերդիի եւ Միքելանջելոյի ստեղծագործությունների համատեղումը, կրկնում ենք, խորին հոգեւոր հայտնություն դարձավ մեր հանդիսատեսի համար ու նրանցից ոմանք էլ ներկայացման ավարտին նշում էին, թե Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում հենց այսպիսի ներկայացումները պետք է ընդգրկվեն, մենք, թեեւ հասկանալի է, որ Ռեքվիեմը չի կարող ընդգրկվել օպերային թատրոնի խաղացանկ, այնուամենայնիվ, հանդիսատեսի այս հարցը կատակով փոխանցեցինք Կոնստանտին Օրբելյանին: Նրա պատասխանը հակիրճ էր. «Թատրոնի խաղացանկում կլինեն բարձրարվեստ գործեր, իսկ կոնկրետ Ռեքվիեմը տարվա ընթացքում կարելի է ներկայացնել մեկ-երկու անգամ»:

Կարծում ենք՝ տեղին է հիշեցնել Վերդիի Ռեքվիեմի ստեղծման պատմությունը, երբ 1870-ականների սկզբին վախճանվում է կոմպոզիտորի մտերիմ, իտալացի բանաստեղծ Ալեքսանդրո Մանձոնին, մահը ցնցում է Վերդիին: Նա գրում է Ռեքվիեմը, որտեղ հոգու ամբողջ տարողությամբ մերժում է մահվան ամայացնող ուժը. չէ՞ որ կոմպոզիտորը 27 տարեկանում կորցրել էր կնոջն ու երկու երեխաներին: Առաջին անգամ Միլանի Սուրբ Մարկոս եկեղեցում է կատարվում Ռեքվիեմը՝ հնչելով որպես մահվանն ուղղված բողոք եւ հարության ղողանջ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930