Նախկին վարչապետ եւ պատգամավոր, մեր լավագույն տնտեսագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում կրկնեց նախկինում արտահայտած իր թեզն այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում խանգարել, խոչընդոտել է պետության կայացմանը: Դրան հետեւել է Ազգային ժողովի փոխնախագահի համենայնդեպս ձեւով կոռեկտ պատասխանը, ինչպես նաեւ մեր հոգեւորականների արձագանքները, որոնց մի մասը կոռեկտ էր, մի մասը՝ ոչ: Այնուհետեւ «ֆեյսբուքյան պատժիչ բրիգադը» հարձակվեց Շարմազանովի վրա՝ ոչ այնքան Բագրատյանին եւ նրա գաղափարները պաշտպանելու, որքան «ընդդիմադիր լայքեր» հավաքելու մղումով:
Պարզ է, որ համակարգչային մեջ էջում հնարավոր չէ անդրադառնալ «պետություն-եկեղեցի» բարդագույն խնդրին, էլ չեմ ասում, որ դրա համար պետք է խորանալ այդ հարցի մեջ: Փոխարենը կարելի է մի երկու բառ ասել այն չարության մասին, որով կողմերը փորձում են ապացուցել իրենց ճշմարտությունը: Մանավանդ, երբ խոսքն այնպիսի նուրբ եւ նվիրական թեմայի մասին է, ինչպիսին մարդու հոգեւոր կյանքն է: Եթե ես հավատացյալ եմ, ապա դա ամենեւին չի նշանակում, որ ես իրավունք ունեմ որեւէ մեկին կշտամբելու՝ «ինչո՞ւ ես դու աթեիստ (կաթոլիկ, մահմեդական, Եհովայի վկա), ուրեմն, դու հայ չես», եւ այլն: Կամ՝ «ինչո՞ւ դու, առաքելական եկեղեցու հետեւորդ լինելով, ծեսերը կատարում ես այսպես, ոչ թե այնպես»: Բայց նաեւ աթեիստը եւ մնացածները չպիտի ինձ կշտամբեն, ծաղրեն, որ ես հավատում եմ, կամ՝ որ հավատում եմ այնպես, ինչպես ես եմ ճիշտ համարում: Ես իսկապես հավատում եմ, որ բացի այս նյութական աշխարհից, կա, այսպես ասած, «նուրբ աշխարհ», որտեղ «ապրում են» հոգիները: Բայց այդ աշխարհի բանալիներն անհատական են: Ոչ մի «կողմնակի անձ» չի կարող այնտեղ մտնել, առավել եւս՝ պետությունը:
Կյանքիս մի հատվածը ես ապրել եմ մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց վզին պետականորեն փաթաթվում էր կոմունիստների «կրոնը»՝ մարքսիզմի դասականների «աստվածաշնչով»: Հիմա նո՞ւյնն ենք ուզում անել դպրոցներում: Հոգեւոր դաստիարակության նշանակությունն, անշուշտ, մեծ է, բայց պետական դպրոցներում այն պետք է սահմանափակվի համընդհանուր հումանիստական գաղափարներով, ոչ թե մեկ կրոնական ուղղության քարոզով: Մնացածը հասարակական կառույցների խնդիր է:
Եկեղեցիներ նույնպես, կարծում եմ, պետք են: Ես, օրինակ, շատ կուզեի, որ այնտեղ, որտեղ ես եմ ապրում՝ Զովունիում, եկեղեցի լինի, որովհետեւ կարծում եմ, որ եկեղեցի գերադասելի է գնալ ոտքով: Բայց երբ պատկերացնում եմ, որ որեւէ «պուզատի» իր, ենթադրենք, նախընտրական կամ որեւէ այլ նմանատիպ շահերից ելնելով, կառուցելու է այդ եկեղեցին, իսկ հետո գովազդային ռեպորտաժներում մարդիկ բացականչելու են՝ «ախ, մեծ բարերար», «ախ, ազգի նվիրյալ», հասկանում եմ, որ այդպիսի եկեղեցի ես չեմ գնա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե քայլում ես ոտքով, ապա պիտի քայլես բոբիկ:
Հավատն ու սերը իրար շատ նման են, երկուսն էլ ՝աշխատում են՝ եթե փոխադարձ են: Եթե մարդ հավատում է ու դրանից հաճույք չի ստանում ու իր հետ իրականության մեջ հաճելի հրաշքներ տեղի չեն ունենում՝ դա միակողմանի հավատ է, սերը նույն հրաշքն է, ոչ մի տրամաբանություն կամ օրինաչափություն չկա: Պարզապես հայտնվելով այդ հրաշքները իրապես տեսած ու զգացած մարդկանց շրջապատում՝ դրանք են, որ աստծո հետ շփվել են ու աստծո ընտրյալներն են, մարդ նույնպես սկսում է ինչ որ տեղ հավատալ կամ չհավատալ դրանց գոյությանը՝ աստծո ու սիրո իրական գոյությանը:
“լավագույն տնտեսագետներից մեկը…”
Դուք այսպիսի մասնագիտական գնահատական տալու համար արդյո՞ք ունեք համապատասխան տնտեսագիտական կրեդիտներ:
Հայքի տարածքում, որպես օտարներին ծառայող լրտեսների գործակալական ցանց, առաքելական եկեղեցին, որտեղ չկան ազգությամբ Հայ առաքյալներ, իր ծավալած գործունեությամբ մեր ողջ պատմության ընթացքում խանգարել, խոչընդոտել է պետության կայացմանը: Հրանտ Բագրատյանի թեզը ճշմարիտ է:
Ես ուրախ կլինեմ, որ ՀՀ վարչապետ ընտրվի Հրանտ Բագրատյանը:
Իրոք ափսոս, որ Զովունիում եկեղեցի չկա, մեծ համայնք է: