Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելանալու են թե՛ ընդդեմ Հայաստանի վճիռները, թե՛ դրանից բխող գումարային փոխհատուցումը»

Սեպտեմբեր 16,2017 15:30

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի` ՄԻԵԴ-ում մի շարք կուտակված
գործեր կան, որոնք շուտով մեծ խնդիր են դառնալու ՀՀ բյուջեի համար

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումը կայացրեց ընդդեմ Հայաստանի: Եվրոպական դատարանը բավարարեց Ալիկ Մաթեւոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի: Հայցը ներկայացվել է 2009-ի սեպտեմբերին։

Եվրոպական դատարանն իր որոշմամբ ընդունեց, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է դիմումատուի՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ բարձրացված հարցի կապակցությամբ արդյունավետ քննության իրականացումը, ինչը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման՝ ընթացակարգային ասպեկտով:

Նշենք, որ Ալիկ Մաթեւոսյանը ծառայել է ՀՀ զորամասերից մեկում` որպես ավագ օպերատոր, եւ 2008-ին դատապարտվել զինծառայակցի սպանության մեղադրանքով:

Հայաստանի կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 6000 եվրո։

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն` 2002-2016 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ ներկայացված եւ դատարանի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 2,642: Այս գանգատներից 1,351-ը, այսինքն՝ դատարանի քննությանը հանձնված գանգատների 51,13%-ը, ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է քննության ենթակա գործերի ցուցակից: 2016 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ կայացրել է 69 ըստ էության վճիռ: 69 ըստ էության վճիռներից 66-ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 3-ով որեւէ խախտում չի արձանագրել:

Հայտնի է, որ ՀՀ բյուջեից ՄԻԵԴ վճիռների կատարման համար փոխհատուցումը տարեկան կտրվածքով հասնում է 300.000 եվրոյի: Մասնավոր զրույցներում ՀՀ ԱԳՆ պաշտոնյաներն այս ցուցանիշն առանձնապես մեծ չեն համարում:

«Առավոտը» փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց` Հայաստանի դեմ ներկայացված գանգատների առումով ի՞նչ վիճակ է Եվրոպական դատարանում: Պարոն Ալումյանը պատասխանեց. «Ավելանալու են թե՛ վճիռները, թե՛ դրանից բխող փոխհատուցումը` գումարի տեսքով: Եվրոպական դատարանում նախորդ տարիներից հսկայական թվով գործեր են կուտակվել, որոնք գտնվում են քննության ընթացքում: Մեծ թվով գործեր կան կալանավորման, մարդկանց գույքն իրենցից խլելու, սեփականության իրավունքից ապօրինի զրկելու հարցերով: Այդ գործերը շուտով շատ մեծ խնդիր են դառնալու ՀՀ բյուջեի համար»:

Մեր այն հարցին` արդյոք տարեկան կտրվածքով բյուջեից 300.000 եվրոյի փոխհատուցումը մեծ գումար չէ՞, պարոն Ալումյանը պատասխանեց, թե դա պետք է հաշվարկի ՀՀ ֆինանսների նախարարությունը: Այնուհետեւ, կրկնելով, որ ՄԻԵԴ-ում կուտակված գործերի թիվը հաշվի առնելով` այդ գումարը առաջիկայում աճելու է, մեկ հանգամանք եւս շեշտեց. «Այդ, որ ասում են 300.000 եվրո տարեկան, որոշ գումարներ չեն ներառում: Օրինակ` կան գործեր, որոնց դեպքում Եվրոպական դատարանի վճռին հերթը չի հասնում: Մինչեւ այդ ՀՀ կառավարությունը համաձայնության է գալիս կողմի հետ եւ բյուջեից հատուցում որոշակի գումար, ու այդ գործը փակվում է Եվրոպական դատարանում: Նման գործերի մասին մենք չենք էլ իմանում, ոչ էլ տեղեկություններ են հրապարակվում: Եթե այդ գործերն էլ հաշվենք, միգուցե ՀՀ բյուջեի կորուստներն ավելի մեծ լինեն»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

15.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930