Մինչեւ նոյեմբեր խրատները, «հաթաթաները», «մուննաթներն» օր օրի կարող են սաստկանալ, դրանք պետք է արհամարհել
ԱԺ «Ելք» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ»։
Ինչպես երեւում է, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթացը որոշակի ցնցումների առիթ է դարձել, եւ մենք ստիպված ենք լինելու դեռ մինչեւ նոյեմբերին սպասվող Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը լսել տարբեր խրատական դասեր թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանում ռուսական շահերն անձնուրաց պաշտպանողներից:
Օրինակ` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նեղսրտած անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ ասել է. «Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները»: Ապա նա հարկ է համարել հիշեցնել, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, եւ այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ «ոչ թե ինչ-որ մեկի դեմ»: Ըստ «Արմենպրես»-ի՝ նա նման կարծիք է հայտնել պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա. «Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, եւ այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,- ասել է դեսպանն ու հավելել, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, եւ Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում:
Իրականում խնդիրն այն է, որ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հարցում մենք առավելապես բարդույթավորվել ենք: Ցանկացած հարցի վերաբերյալ մեզ հետաքրքիր է, թե ինչ կմտածեն Մոսկվայում, ինչպես կհակադարձեն մեզ Ռուսաստանից: Ու սա ստիպում է երբեմն անհարկի դատողություններ անել, ինչի արդյունքում մենք մշտապես, կարծես, խնդրողի, արդարացողի դերում ենք, շատ դեպքերում էլ մեր պետության շահը մոռացած` Ռուսաստանի քայլերն արդարացնողի դիրքերից ենք հանդես գալիս:
Օրինակ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ասել է. «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն եւ ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռեւս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը եւ այլն»: Վարչապետն այնուհետեւ հավելել է, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը, Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ:
Եթե Հայաստանի բոլոր վարչապետներն ու նախարարները հերթով պետք է Հայաստանի` «հարթակ» դառնալու հնարավորությունների մասին տարիներով համոզեն Մոսկվային, բայց այդպես էլ Հայաստանի հասարակ քաղաքացու կենսամակարդակը չբարձրանա, ընդհակառակը` ավելի բարդանա սոցիալ-տնտեսական վիճակը, ստացվում է, որ դրանք դատարկ խոսակցություններ են:
Դեռ որքա՞ն պետք է մեզ պատմեն, որ ԵՏՄ-ին անդամակցելով` «Հայաստանի առաջ բացվում է այդ կառույցի մեջ մտնող երկրների 170 միլիոնանոց շուկան», եւ անընդմեջ Հայաստանի քաղաքացիներիս «բացատրեն», որ ԵՄ-ի 500 մլն-անոց շուկա մենք չենք կարող մտնել, որովհետեւ մրցունակ ապրանքներ չունենք, ու նաեւ «հիմնավորվեն», թե օրինակ, ինչու վարչապետն արեւմտյան երկրներ այցելելու օրակարգ առայժմ չունի: Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա չունի այդպիսի օրակարգ: Այսինքն՝ մենք մի կողմից՝ խնդիր չենք էլ դնում մրցունակ պետություն դառնալու, մյուս կողմից էլ՝ դատապարտված ենք տարիներով Ռուսաստանին ապացուցել, թե որքան գրավիչ է ոչ մրցունակ Հայաստանը Ռուսաստանի համա՞ր: Հարմար առիթ է. «Ելք»-ի նախաձեռնությանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետը ճիշտ կլինի կոնկրետ տոկոսներով ցույց տա ՀՀ ձեռքբերումները ԵԱՏՄ-ի անդամակցության ծիրում:
Խնդիրն իսկապես խորքային է: Այնքան է հայաստանյան ցանկացած գործընթաց` քաղաքականից մինչեւ տնտեսական, կապվել Ռուսաստանի հետ, որ պետական այրերը, փորձագետները կարծես ամեն նախադասություն ասելիս պարտավորված են իրենց զգում նախ հիշել Մոսկվայի շահի մասին: Իհարկե, շատերը հենց այնտեղից` Ռուսաստանից, չեն էլ թաքցնում, որ Հայաստանի զարգացումը բացառապես հնարավոր է ռուսական փողերով: «Բուրժուադեմոկրատական հեղափոխության» երբեմնի առաջամարտիկ Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել 1in.am-ին, որտեղ խոսել էր Հայաստանի «կոռումպացված» եւ «քրեաօլիգարխիկ» իշխանությունների մասին ու պատասխանել էր հարցին, թե ի՞նչ դերակատարություն կունենան Հայաստանում առաջիկայում՝ 2018-ին ընդառաջ ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ հաշվի առնելով խոսակցությունները, թե ցանկություն կա Հայաստանում իրենց ազդեցության լծակները մեծացնել: Նա ասել էր. «Հարցը, ինչքան հասկանում եմ՝ 1-3 բիզնես շրջանակների մասին է։ Բնական է, որ իրենք կցանկանան ավելի շատ ինտեգրված լինել Հայաստանի տնտեսական կյանքում, բայց հարցը նորից կապված է այն բանի հետ, թե Հայաստանի իշխանություններն ում հետ են մտնում գործարքի մեջ։ Ում հետ որ մտնեն գործարքի մեջ՝ այդ կառույցներն էլ ավելի մեծ հնարավորություններ կունենան։ Իհարկե, ցանկալի կլինի, որ ավելի ժամանակակից ու օգտակար լինի, ոչ թե մի երկու պլպլան շենք կառուցեն Երեւանի մեջտեղում, վարձով տան, փող աշխատեն ու ասեն՝ մենք ներդրում արեցինք։ Հայաստանում շատ փող կա, ստվերը շատ է, ու դրսից շատ լավ երեւում է։ Հայաստանին հիմա ոչ ոք չի ուզում մոտենալ՝ առաջինը Ղարաբաղյան չլուծված հարցի, հետո կոռուպցիայի ու քրեաօլիգարխիկ ուժային համակարգի պատճառով»:
Այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի զարգացման գրավականը ռուսահայ օլիգարխներն են, բայց մյուս կողմից՝ քանի որ ոչ բոլոր ռուսահայ օլիգարխներն են «իշխանության հետ գործարքի» մեջ, սպասողական վիճակո՞ւմ են, սպասում են իրենց աստեղային ժամի՞ն` իշխանափոխությա՞ն, որպեսզի այլ իշխանությունների հետ «գործարքի մեջ մտնեն»: Սա՞ է Հայաստանի զարգացման ուղին` ռուսաօլիգարխների՞ քմահաճություններով, թե ում են նրանք հարմար գտնում Հայաստանում իշխանության ղեկին, որպեսզի ներդրում իրականացնե՞ն:
Մինչեւ նոյեմբեր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ռուսական կողմից խրատները, «հաթաթաները», «մուննաթներն» օր օրի կարող են սաստկանալ: Ըստ ամենայնի, Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների կողմից մենք չենք լսի հայտարարություններ, թե «Հայաստանը չպետք է ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր», ընդհակառակը` կլինեն հավաստիացումներ, որ դա Ռուսաստանին բացարձակ չի հետաքրքրում, որ «դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է»: Բայց «տակից», ռուսական պարբերականների էջերում ռուս փորձագետների ջղաձիգ խայթոցներով, ադրբեջանական կայքերում ադրբեջանամետ ռուս փորձագետների միջոցով արշավը Հայաստանի ուղղությամբ չի դադարելու:
Սա հոգեբանական ճնշման տարբերակ է, Հայաստանի իշխանությունները պետք է ուղղակի դա արհամարհեն, չենթարկվեն ռուսական սադրանքներին եւ նոյեմբերին ստորագրեն ԵՄ-ի հետ համաձայնագիրը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 15.09.2017
Ամբողջ հարցը նրանումա, որ եթե անգամ մրցունակ արտադրանք ունենաք մեկա չեն թողի եվրոպական շուկա։
Եթե խոսքը գնումա հումքի մասին/պղինձ, մոլիբդեն/ մեծ սիրով կթողեն, բայց երբ խոսք գնա ավելի լուրջ պատրաստի արտադրանքի մասին, Եվրոպան ատամներով պաշտպանելույա սեփական արտադրողին ու ամեն կերպ փակելույա մուտքը։
Օրինակ
https://ria.ru/economy/20160804/1473581121.html
https://naviny.by/rubrics/eu/2016/04/01/ic_news_627_472853
Իհարկե ոչ մի դեմպինգի մասինել խոսք չի գնում, ուղղակի Բելոռուսում, Չինաստանում ու Ռուսաստանում աշխատաուժը ավելի էժանա հետևաբար ինքնարժեքը ցածրա ստացվում։
Ու Եվրոպացիք մի հատ մահանա են գտնում մրցակցությանը չդիմացող սեփական արտադրողին պաշտպանելու համար։
Էտ ազատ մրցակցություն ազատ շուկա հեքիաթները միայն լոխերի համար, այսինքն երբ խոսքը գնումա իրանց ապրանքը ուրիշ շուկաներ մտնելու, բայց երբ հերթը հասնումա իրանց շուկային անում են ոնց իրանցա ձեռնտու, ազատ շուկա-մուկա չկա։