Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրիմինալն իշխանությունից «ինդուլգենցիա» է ստացել»

Սեպտեմբեր 16,2017 15:00

Երեկ Երեւանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող փողոցում, տեղի ունեցած սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Հրազենից արձակված կրակոցից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Սիմոնյանը, իսկ դարձյալ հրազենի կրակոցից վիրավորում ստացածը եւս Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանն է:

Օրեր առաջ էլ Էջմիածին քաղաքում են կրակոցներ եղել. քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ 36-ամյա Լեւոն Ավետիսյանը եւ ուղեւոր 44-ամյա Կարեն Դավթյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Հետո լրատվամիջոցները գրեցին, որ Էջմիածնում սպանվածներից մեկը՝ Կարեն Դավթյանը, քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանեւսկոյի (Արտյոմ Հարությունյանի) ընկերն էր, եւ Դավթյանի մտերիմներից Լեւոն Ավետիսյանը:

Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած սպանությունը վրեժխնդրություն էր: Վիրավորված Վահագն Աբգարյանը Ալավերդիում քրեական հեղինակություն է համարվում, եւ նա վերջերս շրջում էր իր զրահապատ «Համմեր» մեքենայով ու թիկնապահներով: Ըստ ԶԼՄ-ների՝ Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։ Հետո Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել են 2 անձ: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Այս տարվա հունիսին էլ անհայտ անձը Ալավերդի քաղաքում կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա, որը մահացել էր: Կամո Փիրուզյանը Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար հետախուզվող Կարեն Փիրուզյանի եղբայրն էր: Հետագայում պարզվեց, որ Կամո Փիրուզյանին էլ սպանել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը: Եվ, ըստ ԶԼՄ-ների, երեկ փորձ է արվել սպանել Վահագն Աբգարյանին, որը երեկ երեկոյան «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվում էր:

Իրար հաջորդող այս տեսակ սպանություններն ու ընդհանրապես հրազեն օգտագործելը, ըստ իրավապաշտպանների եւ սոցիալական ցանցերում քննարկումների, արդարադատության բացակայության, ոստիկանության անգործության հետեւանք է:

«Առավոտի» հետ զրույցում իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանն ասաց, որ այսպիսի ճչացող, լուրջ հանցագործություններ ցանկացած երկրում, անգամ ամենաիրավական պետությունում էլ կարող են կատարվել: Բայց, ըստ իրավապաշտպանի, ամենուր չէ, որ հասարակությունը որպես մեղավոր մատնանշում է պետությանը կամ ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին: «Այն երկրներում, որտեղ վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, այդ երկրներում անմիջապես մատնանշում են պետությանը եւ իրավապահ մարմիններին: Քանի որ այսօրվա Հայաստանում պետական իշխանությունը, իրավապահ համակարգն իր գործունեությամբ տարիներ շարունակ վստահություն չեն ներշնչում, բնականաբար, որպես առաջին թիրախ պետք է մատնանշվեն նրանք»,- նկատեց Հարությունյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ առաջին հայացքից թվում է՝ կա նման հանցագործությունների աճ, որի պատճառն անպատժելիությունն է:

Հարությունյանի խոսքերով՝ «Հանցագործները, կրիմինալը, ընդհանրապես լուրջ քրեական տարրը, ոչ թե մանր-մունր հանցագործները, սերտաճած են իշխանությանը եւ անպատիժ են մնում տարիներ շարունակ: Նրանք օգտագործվում են ընտրությունների ժամանակ, նրանք օգտագործվում են ընդդիմադիր կառույցներին, ընդդիմադիր ուժերին, գործիչներին հալածելու համար: Այդ պատճառով է, որ ստանում են իշխանության հովանավորությունը եւ մնում անպատիժ: Իսկ անպատիժ հանցագործները միշտ էլ կարող են կրակել, միշտ էլ կարող են հարձակումներ ծրագրել եւ իրականացնել»:

Այսինքն՝ սա իշխանության թողտվությա՞ն արդյունք է՝ մեր այս ճշտմանը պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իրենք ստացել են ինդուլգենցիա, եւ ոչ միայն այս դեպքերի հետ կապված, ինդուլգենցիա ամեն ինչ անելու համար: Հայաստանում կրիմինալն ու քաղաքական իշխանությունը սերտաճած են, եւ դա ապացուցման կարիք չունի, ակնհայտ է, գոնե ինձ համար դա ապացուցված է: Այդ համատեքստում կարող եմ ասել՝ կրիմինալը Հայաստանում իրեն զգում է անպատիժ»:

Արդարադատություն եւ օրենքի գերակայություն հաստատելու համար, ըստ իրավապաշտպանի, պետք է ձեւավորվի իշխանություն, որը պետք է լինի մաքուր քաղաքական, լեգիտիմ. «Իշխանությունը պետք է ձեւավորվի միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում, պետք է կախված լինի միայն եւ միայն ընտրողի ձայնից, ոչ թե այլ հանգամանքներից, ոչ պաշտպանության նախարարության ավտոմատից, ոչ ներքին զորքերի մահակներից, ոչ էլ ոստիկանության մահակներից: Այս տիպի իշխանությունը կրիմինալի հետ սերտաճելու խնդիր չի ունենա, բնականաբար, կախված չի լինի, ձեռքերն էլ ազատ կլինեն հանցագործների դեմ պայքարում: Մեր իշխանությունների ձեռքերն այս հարցում ազատ չեն»:

Հայաստանում արդարադատությունն ընտրովի է, եւ ինչպես Հարությունյանն ասաց՝ կան դրա փայլուն, նույնիսկ գերփայլուն օրինակներ. «Մանր, շատ մանր, առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին եւ տարիներ շարունակ ազատազրկման վայրում գտնվել, իսկ լուրջ, ծանր հանցագործություն կատարածները կարող են մնալ անպատիժ»:

Դրա վառ օրինակը, ըստ իրավապաշտպանի, խոտի դեզը վառելու համար դատապարտելն էր: Եվ այսպիսի դեպքերին զուգահեռ՝ մենք ունենք օրինակներ, երբ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները սպանության համար անգամ չեն էլ կալանավորվում կամ պատիժ չեն կրում: Օրինակ՝ Սյունիքի նախկին մարզպետի որդին:

«Ընտրությունների ժամանակ լրագրողների վրա անթաքույց հարձակումները դրանց հետ կապված ձեւական քրեական գործ է հարուցվում, կամ քաղաքական գործիչների վրա հարձակումները, բացահայտվում են, բայց հանցագործներն անպատիժ են մնում»:

Երեկվա սպանությունից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ կարծիքներ գրվեցին, սակայն ուշագրավ է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը. «Քիչ առաջ Երեւանի կենտրոնում՝ կառավարության, ՀՀԿ եւ ՀՅԴ գրասենյակների մոտակայքում, հնչել են կրակոցներ, որի հետեւանքով կան զոհ եւ վիրավորներ: Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել 2-ր անգամ: Ուրեմն ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը եւ կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնեն: Եթե 90-ականների սկզբին` պատերազմի եւ փաստացի անարխիայի պայմաններում, Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: 2 պատճառ կա դա չանելու` կամ չեն կարողանում, կամ չեն ուզում: 2 դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել եւ լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սաակաշվիլին»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930