Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի Կոմիտասից, շփվել եմ Պանթեոնում ամփոփված բոլոր մեծերի հետ»

Սեպտեմբեր 16,2017 14:00

Փարիզի «Այբ» FM 99,5 հայկական ռադիոկայանի
հաղորդավար-մեկնաբան Ալբերտ Ասատրյանը հայրենիքում է

Առիթի դեպքում մշտապես փաստում են, թե սփյուռքում ամենաերկար՝ 8 ժամ տեւողությամբ հայերեն հաղորդումները՝ Հայաստանի եւ մեր երկրի հետ առնչվող տեղեկատվություն՝ կապված քաղաքականից մինչեւ մշակույթ ու սպորտ, սփռում է Փարիզի «Այբ» FM 99,5 հայկական ռադիոկայանը: Այս օրերին հայրենիքում է ռադիոկայանի հաղորդավար- մեկնաբան Ալբերտ Ասատրյանը:

«Առավոտի» հետ զրույցում մեր հայրենակիցն առանց մանրամասնելու ընդամենն ասաց, որ այս անգամ հայրենիքում է՝ նշելու իր ստեղծագործական գործունեության հոբելյանական՝ 60-ամյա տարելիցը: Խնդրեց նաեւ չհետաքրքրվել, թե ո՞ր մեծանուն արվեստագետների հետ է վարել հարցազրույցներ, նշելով՝ «Բացի Կոմիտասից, շփվել եմ ու, բնականաբար, հարցազրույցներ վարել Երեւանի պանթեոնում ամփոփված բոլոր մեծերի հետ: Սա միայն Երեւանում… Պատկերացնում եք, չէ՞, աշխարհում որքան հայ արվեստագետ է ապրել ու ստեղծագործել, որոնցից մի մասը վաղուց ապրում է երկնային կյանքով»:

Ծնունդով Թբիլիսիից Ալբերտ Ասատրյանը ուսանել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում եւ իր խոստովանությամբ՝ ուսանողական տարիներից սրտամոտ է եղել մշակույթին: Նա հիշում է, որ օպերայի, կոմեդիայի, Սունդուկյանի թատրոններում, համերգային տարբեր դահլիճներում բաց չի թողել ոչ մի միջոցառում, նույնիսկ նույն օրը մշակութային մի օջախից վազել մյուսը: Ասվածի առիթով ինքն իրեն նմանեցնում է Լեւոնին՝ Շիրվանզադեի «Արտիստը» ստեղծագործության հերոսին: «Բոլորը կարծում էին, թե ես սովորում եմ ոչ թե Մայր բուհում, այլ թատերական ինստիտուտում: Դեռեւս այդ տարիներից մտերմացել էի արվեստի ու գրականության մեծերի հետ: Իսկ հետո ավարտելով համալսարանը 1957թ., մեկնեցի ծննդավայր, որտեղ Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում ինձ վստահվեց միանգամից 3 պաշտոն՝ գրական մասի վարիչ, ստեղծագործական խմբի տնօրեն եւ գեղարվեստական ձեւավորող: Դրանք այն տարիներն էին, որ շփվեցի Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետյանի, Գոհար Գասպարյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Գալյա Նովենցի հետ…Բոլորին չես թվարկի, որոնք մեծ սիրով գալիս էին Վրաստան ու դարձյալ մեծ հուզմունքով բեմ բարձրանում: Ադամյանի թատրոնում իրականացրի շուրջ 250 ներկայացման երաժշտական ձեւավորում. դա միայն այդ թատրոնում: Զուգահեռ ինձ հրավիրում էին վրացական թատրոններից, ինչպես նաեւ Հայաստանից: Սիրով եմ հիշում աշխատանքներս Սունդուկյանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Ստեփանավանի եւ այլ թատրոններում: Թբիլիսիում 1957թ. հայտարարվեց հաղորդավարների մրցույթ, բնականաբար՝ հայկական ռադիոյում, որտեղ աշխատեցի մինչեւ վերջինս փակվելը՝ 1999թ.»,- պատմեց պարոն Ասատրյանը: Հետո էլ նշեց, թե ստեղծագործական իր կյանքի թբիլիսյան շրջանը շատ է կարեւորում. «Հենց այնտեղ եմ հացազրույց վարել Արամ Խաչատրյանի, Վիլյամ Սարոյանի, Մարտիրոս Սարյանի, Վահրամ Փափազյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի եւ մյուսների հետ»:

Ռեպլիկին՝ Երեւանում ստացած համալսարանական կրթությունը, փաստորեն, պետք չի եկել, արվեստագետը ասաց, որ դասավանդել է այն տարիներին Թբիլիսիում գործող հայկական երկու դպրոցներում, մեկում՝ անգլերեն, մյուսում՝ գերմաներեն:

Հետաքրքրությանը, թե ինչպես հայտնվեց Փարիզում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որդիս բնակվում էր Ֆրանսիայում, հետեւաբար հաճախ էի այցելում նրան, շփվում հայ համայնքի ու գործող տարբեր մշակութային օջախների հետ: Եվ երբ 1999թ. դադարեց գործել Թբիլիսիի հայկական ռադիոն, ես առանց վարանելու դիմեցի Փարիզի «Այբ» FM 99,5 ռադիոկայան»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ առանց վարանելու չդիմեց Հայաստանի հանրային ռադիո, պարոն Ասատրյանն ասաց. «Որովհետեւ ես անգիր գիտեի Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի հայ համայնքը: Այն տարիներին ինձ ոչ միայն ճանաչում էին, այլեւ հարգում, հրավիրում էին հարցազրույցների… Եվ այսպես 18 տարի աշխատում եմ «Այբ»-ում»:

Զրույցի ընթացքում Ալբերտ Ասատրյանը, ի պատասխան մեր հարցի, հայտնեց, որ հայրենիքից լուրերը վայրկյանների արագությամբ են հասնում Փարիզ: Ժպտալով հիշեցրեց, որ գոյություն ունի ինտերնետ ու հեռախոսակապ:

Հետաքրքրվեցինք հատկապես Անկախությունից հետո Փարիզի հայկական մշակութային կյանքով եւ թե ի՞նչ հաճախականությամբ են հայրենիքից արտիստներ մեկնում հյուրախաղերի: «Վերջին տարիներին մեզ մոտ դերերգերով հանդես են եկել Հասմիկ Պապյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը…Հայաստանցի այլ կատարողների չեմ կարող նշել: Բայց ասեմ, որ թատերական կյանքը «ապահովում» են փարիզաբնակ ռեժիսոր, դերասաններ Սերժ Ավետիքյանը, Ժիրայր Փափազյանը, Սիմոն Աբգարյանը, մինչ Հայաստանը ընդմիշտ վերադառնալը մեծ գործունեություն էր ծավալել Նարեկ Դուրյանը: Նշեմ նաեւ դիրիժոր Հայկ Դավթյանի ու նրա անսամբլի հաճախակի ելույթների մասին…Այս տարիներին Ֆրանսիայում ընդամենը մեկական ներկայացումներով հանդես են եկել Գ. Սունդուկյանի անվան եւ Համազգային թատրոնները»,- փաստեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ հոբելյանի առիթով որեւէ ուշադրություն կամ անակնկալ ստացե՞լ է Փարիզում եւ ի՞նչ է սպասում հայրենիքից: Ալբերտ Ասատրյանն ասաց. «Փարիզն ինձ ի՞նչ պիտի անի, ողջ կյանքս ծառայել եմ հայ մշակույթին: Ունեմ ոսկե մեդալներ՝ ստացած մշակույթի, սփյուռքի նախարարություններից եւ Հայաստանի թատերական գործիչների միությունից: Ես բավարարված մարդ եմ, շրջել եմ ողջ աշխարհով մեկ, եղել հռչակավոր բոլոր օպերային ու դրամատիկական թատրոններում, թանգարաններում… ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ հարցազրույցներ կատարել Գոհար Գասպարյանից մինչեւ Գառզու ու Ժանսեմ, Անրի Վեռնոյից մինչեւ Ազնավուր…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930