Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ներկապնակի գույները կհայտնվեն օտարազգի նկարիչների կտավներին

Սեպտեմբեր 16,2017 13:30

«Հայկական ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսը արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանում հյուրընկալում է աշխարհի մի շարք երկրներից ժամանած նկարիչների:

Յուրաքանչյուր տարի փառատոնն անցկացվում է որեւէ խորագրի ներքո: Այս տարի կազմակերպիչներն ընտրել են «Բարեկամության եւ համագործակցության ներկապնակ» կարգախոսը: Սեպտեմբերի 15-ից 25-ը նկարիչները կդառնան Լոռու մարզի Օձուն գյուղի ժամանակավոր բնակիչներ. կապրեն օձունցիների հետ կողք կողքի, կճանաչեն Հայաստանի գողտրիկ վայրերից մեկն ու կտավին կհանձեն ստացած տպավորություններն ու զգացողությունները:

«Այս փառատոնի նպատակը ոչ միայն պարզապես նկարներ անելն է, այլեւ տվյալ երկիրը ներկայացնելն է գեղարվեստի միջոցով»,- երեկ ասաց ցուցահանդեսի հիմնական կազմակերպիչ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Ըստ նրա` փառատոնի անցկացման մի քանի տարիների ընթացքում Հայաստանը մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա նկարիչների շրջանում եւ տարեցտարի ավելանում է փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցող նկարիչների թիվը: Այս տարի շուրջ 40 նկարիչ է ժամանելու Հայաստան Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Չինաստանից, Էստոնիայից, Լիտվայից ու Լատվիայից: Նրանց խմբին են միանալու նաեւ հայ նկարիչները: Սերգո Երիցյանն այն կարծիքին է, որ այս փառատոնը Հայաստանը աշխարհին ներկայացնելու, միջմշակութային կապերը ամրապնդելու ինքնատիպ ձեւ է եւ լայն հնարավորություններ է ընձեռում:

«Հայկական ներկապնակ» ծրագրի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ավետիսյանը մանրամասնեց, թե ինչ սկզբունքով են ընտրվում նկարիչները: «Գեղարվեստական խորհուրդը, որը կազմված է ՀՀ լավագույն արվեստաբաններից, ուսումնասիրում է նկարիչների աշխատանքները եւ ընտրում նրանց, ովքեր պլեներային` բացօթյա նկարչության մասնագետներ են»: Սերգո Երիցյանը հավելեց, որ ժամանող նկարիչներից ոմանք հենց իրենք միջազգային հանրահայտ փառատոների կազմակերպիչներ են, ինչը թույլ է տալիս ասել, որ նկարիչների խումբը իսկապես պրոֆեսիոնալներից է բաղկացած. «Էստոնիայի ներկայացուցիչ Աննա Պարմանստոն ցանկանում է գալ Հայաստան, որովհետեւ նրան գրավում են Հայաստանի գույները, որոնք աշխարհի եւ ոչ մի այլ վայրում չկան»:

Նախագծի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր, հանդիպումներ հասարակության տարբեր շերտերի ու արվեստասերների հետ: Յուրաքանչյուր օրվա ավարտին կազմակերպվելու են քննարկումներ, թե ինչպես անցկացրին ստեղծագործական օրը նկարիչները, ինչ տեսան ու զգացին: Սերգո Երիցյանը բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են նկարիչները կլանված ստեղծագործում` մոռանալով ժամանակի մասին. «Նրանք կարծես 24 ժամ աշխատանքային գործընթացի մեջ են. ողջ օրը լեցուն է տպավորություններով»:

Ըստ Գագիկ Ավետիսյանի` սա մշակութային քաղաքականության յուրօրինակ դրսեւորում է, որը ջնջում է այն բոլոր սահմանները, որոնք գծել են մարդիկ. «Մշակույթը չունի սահմաններ: Մարդն իր ծնված օրվանից արարում եւ ստեղծում է: Մենք ջանում ենք մեր գործունեությունը ծավալել այդ հարթության վրա, որպեսզի տեսնենք թե արվետագետն ինչ է տեսնում եւ ինչպես է մտածում օտար հողում»:

Կազմակերպիչները լիահույս են, որ այս փառատոնը շարունակական կլինի եւ արդեն նախապատրաստվում են հաջորդ տարի կայանալիք ցուցահանդեսին, որը կանցկացվի Ջերմուկում:

 

ՄԵՐԻ ԱՅԱՆ

«Առավոտ»

15.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930