Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանն ու «Սպառողների խորհրդատվության կենտրոն» իրավապաշտպան Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր փաստաբանների պալատում կազմակերպված հանդիպման ժամանակ Ճանապարհային ոստիկանությանն առաջարկներ ներկայացրին, որոնք, իրենց համոզմամբ՝ անհրաժեշտություն են վարորդների և հետիոտների անվտանգության ապահովման համար:
Արտակ Խաչատրյանի խոսքով, առաջնային հարցը՝ բոլոր հետիոտնային անցումների լուսավորումն է. «Պետք է լուսավորվի և փողոցին ոչ թե զուգահեռաբար տարվի, այլ փողոցին ուղղահայաց: Հետիոտնային անցումների վերաբերյալ նաև առաջարկություն ունենք դպրոցների մոտ, բոլոր դպրոցների մոտ նոր ոճի արհեստական անհարթություններով անցումներ ապահովվեն, որպեսզի դա տեսանելի լինի վարորդների համար»:
Արտակ Խաչատրյանը նաեւ առաջարկեց ապահովել անցումների լուսավորությունը. «Բարդ չէ, մենք նույնիսկ պատրաստ ենք աջակցել Ճանապարհային ոստիկանությանը, պատրաստ ենք նույնիսկ ֆինանսապես աջակցել: Բացի այդ, պետք է ցանկապատել, արգելապատնեշներ ավելացնել դպրոցների մոտ, որպեսի ավելի կազմակերպված անցնեն ճանապարհը: Դա Խորհրդային միության տարիներին կար»:
Առաջարկներից մեկն էլ, ըստ վարորդների իրավապաշտպանի, հետիոտնին ճանապարհային կանոնները բացատրելն է, նա առաջարկեց բացատրական աշխատանքների տարբերակներ, օրինակ՝ սոցիալական գովազդների միջոցով, դպրոցներում համապատասխան դասընթացների միջոցով:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» իրավապաշտպան Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ առաջարկեց ճանապարհային երթևեկության նշանները տեսանելի վայրերում տեղադրել. «Առաջնային է, որ լուսացույցները տեսանելի լինեն, ճանապարհային նշանները նույնպես, ոչ թե վարորդը հասնի նշանի մոտ, նոր տեսնի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ