Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ»

Սեպտեմբեր 15,2017 17:14

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նպատակները:

Խոսելով հանձնաժողովի ստեղծման նպատակների մասին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարական լուծումները լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Եվ այս տեսանկյունից, ինչպես նշել է Երևանի քաղաքապետը, «խելացի լուծումների» անհրաժեշտությունը դառնում է ուղղակի հրամայական: Հենց դա հաշվի առնելով էլ ստեղծվել է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

«Բարձր տեխնոլոգիաների դարում ուղղակի անհրաժեշտություն է «Խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչումը: Այսօր աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, և հատկապես մայրաքաղաքներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղաքի ենթակառուցվածքների խելացի կառավարմանը, և բնական է, որ Երևանը պետք է սկսեր լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծել ենք հանձնաժողով, որում կգործեն աշխատանքային խմբեր և այդ խմբերի միջոցով մենք կկարողանանք անդրադառնալ քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ ներգրավելով մեր բոլոր գործընկերներին, լավագույն մասնագետներին ու ոլորտի տաղանդաշատ երիտասարդներին: Հանձնաժողովը բաց է, և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել ու, համոզված ենք, որ ներդնելով այս ծրագիրը, մենք կկարողանանք ապահովել արդյունավետ կառավարում և Երևանում նույնպես կյանքի կկոչենք «Խելացի քաղաք» ծրագիրը: Ես վստա՛հ եմ, որ մեր մայրաքաղաքը, որը շուտով կնշի իր հիմնադրման 2799-ամյակը, աշխարհին կարող է ներկայանալ ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի շրջանակում կուսումնասիրվի նաև Երևանի քույր և գործընկեր քաղաքների քաղաքային տնտեսության էլեկտրոնային կառավարման հաջողված փորձը:

Երևանի ավագանու անդամ, «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ իր հերթին մանրամասնելով հանձնաժողովի կողմից իրականացվելիք աշխատանքների ուղղությունները, նշել է, որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հանդիսանում են երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն, ինչի արդյունքում վերջին տարիներին արձանագրվել են մի շարք հաջողված ծրագրեր, որը վստահություն է ներշնչում, որ Երևանն այս ոլորտում կարող է դառնալ միջազգային առաջատար քաղաքներից մեկը:

«Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման գերակայությունն է, և այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են ոլորտում, բավական ուշագրավ ցուցանիշներ են: 35 տոկոս աճ՝ այս տարվա կտրվածքով, շուրջ 500 ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց գործառնական խնդիրներն են լուծում, բայցև այդ ընկերությունների շատ մասնագետներ նորարարական լուծումներ են առաջարկում, որոնք կարող են մեր կյանքի որակը փոխել: Էլեկտրոնային կառավարման հարցում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում նույնպես գրանցվել են շոշափելի ձեռքբերումներ, բայց կարծում ենք, որ դրանք բավարար չեն, ու վստահ ենք, որ այս մասով կարող ենք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ ու նոր զարգացումներ: Մեր նպատակն է ունենալ քաղաք, որում ապրող խելացի մարդիկ կստեղծեն խելացի լուծումներ ու կառավարման արդյունավետ համակարգեր», – նշել է Հովիկ Մուսայելյանը:

Հարկ է նշել, որ «Երևան՝ խելացի քաղաք» ծրագիրը կյանքի կոչելու համար կմշակվի երեք ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930