«Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր լրացավ ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի սանկցիայի ժամկետը, ուստի նրանք բերվեցին նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ նախորդ նիստերում դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ առանց դատավորի թույլտվության տեղից խոսելու համար նրանք որոշակի ժամանակահատվածով հեռացվել էին նիստերի դահլիճից:
Սակայն այս անգամ էլ նրանք ոտքի չկանգնեցին:
Գեւորգ Սաֆարյանը տեղից խոսելով պահանջեց իր փաստաբանին, Սեֆիլյանն էլ նույն կերպ ասաց, որ հայտարարություն ունի: Նախազգուշացվելուց հետո նրանք շարունակեցին, այդ պատճառով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց սանկցիա կիրառել եւ նրանց հեռացնել նիստերի դահլիճից այս անգամ 4 ժամով: Ներսես Պողոսյանն էլ հայտարարեց, որ ցանկանում է իր շահերը պաշտպանի Արայիկ Պապիկյանը, ուստի վերջինս ներգրավվեց, հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն էլ այդ կերպ դադարեց լինել Պողոսյանի պաշտպանը: Նա այժմ իրականացնում է միայն Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանությունը:
Հաջորդ նիստը կկայանա մյուս ուրբաթ՝ 11 00-ին:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ