Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է

Սեպտեմբեր 15,2017 16:59

Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առևտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է:

Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

Ռուսաստան – 35,8%

Չինաստան – 19,1%

Թուրքիա – 12,2%

Իտալիա – 7%

Կանադա – 6%

Ուկրաինա – 5,8%

Իրան – 5,1%

Բրազիլիա – 4%

Ճապոնիա – 3,8%

Ֆրանսիա – 3.4%

Նշված երկրներում ռուսերենը կիրառելի է միայն Ռուսաստանում և Ուկրաինայում Վրաստանում: Ընդ որում, Ուկրաինայում, թեև բնակչության զգալի հատվածի համար ռուսերենը հանդիսանում է մայրենի լեզու, այնուամենայնիվ, պետական քաղաքականության համաձայն խորացվում է անգլերենի ուսուցումը:

Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր մյուս երկրներում ռուսերենը չունի որևէ էական տարածում, իսկ գործնական շփումներն իրականացվում են կամ ազգային լեզուներով՝ պարսկերեն, չինարեն, թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն, կամ անգլերենով:

Հարկ է նշել նաև, որ ըստ ԱՎԾ նույն տվյալների՝ մյուս այն երկրների հետ, որտեղ ռուսերենը այս կամ այն կերպ լայնորեն կիրառելի է, Հայաստանը գրեթե առևտրային կապեր չունի:

Այսպես, ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՊՀ անդամ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ Հայաստանը առևտրային հարաբերություններ գրեթե չունի:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տարածված լեզուներին, ապա ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» այս հոդվածում:  Ըստ այդմ, ռուսերենը անգամ չի մտնում աշխարհում ամենատարածված լեզուների հնգյակի մեջ:

Աշխարհում ռուսերենի այս կամ այն կերպ տիրապետում է մոտ 260 միլիոն մարդ: Այնինչ, անգլերենի տիրապետողների թիվը մոտ մեկ միլիարդ է: Անգամ իսպաներենի տիրապետողների թիվը երկու անգամ ավել է ռուսերեն իմացողներից:

Տնտեսական տեսանկյունից ռուսերենի իմացությունը կնպաստի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների քանակի ավելացմանը: Սակայն, դա հանգեցնում է դեմոգրաֆիական խնդիրներին: Ավելին, դա կխորացնի աշխատանքային միգրացիայի ռուսական ուղղության մոնոպոլիզացիան:

Այնինչ, օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի փոխարեն աշխատանքային միգրանտների մի մասը գնար եվրոպական երկրներ: Այդ երկրներում հայաստանցիները կաշխատեին ավելի լավ պայմաններում, և այդ կերպ կնվազեր Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանում տնտեսական ցնցումներից:


Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930