Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի 12 ընտանիքներին:
Հիշեցնենք, որ շենքը քարաթափվել էր դեռևս երեք ամիս առաջ, տարհանվել էր ողջ բնակչությունը։ Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցել էր Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը «զակո զերնոյի» մոտակայքում գտնվող շենքն այնքան էլ հին չէ․ կառուցվել է 1986 թվականին, սակայն, երկրաշարժ տեսած է, որի վրա ազդել են նաև հանրապետության տարածքում գրանցված վերջին ցնցումները։
Քարաթափման արդյունքում տուժել էին հիմնականում մեկ սենյականոց բնակարանները, որտեղ բնակվում էին 16 քաղաքացիներ։ Այդուհանդերձ՝ ստիպված էին տարհանել ողջ շենքի բնակչությանը ու բնակարաններ վարձակալել նրանց համար։
Ինչպես ճշտեցինք Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շիրակի մարզպետարանն է դրամական աջակցություն ցուցաբերել բոլոր ընտանիքներին՝ վարձավճարները փոխանցելու համար։
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հենց առաջին պահից արձագանքել էր պատահարին`՝ հանձնարարելով ելք փնտրել։ Հարցը լուծվեց կառավարության կողմից 43 միլիոն 940 հազար դրամ հատկացնելով ու ընտանիքներին ԲԳՎ-ներ տրամադրելով։
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, «հինգ հատ մեկ սենյականոցի, երեք հատ` երկու և չորս հատ 3 սենյականոց բնակարանի գնման վկայագիր է հանձնվել, որոնց արժեքը համապատասխանաբար կազմում է` 3 մլն 42 հազար, 3 մլն 718 հազար և 4 մլն 394 հազար դրամ»:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ վկայագրերի գումարը հաշվարկվել է՝ եռամսյակի ընթացքում համանման գործարքների միջինացված արժեքն հաշվի առնելով, այնպես որ բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցությունը բավականացնելու է բնակիչներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության