Բաքվի բանտից ազատ արձակված և Իսրայել մեկնած բլոգեր Ալեքսանդր Լապշինը ընկերների հետ զրույցում հերքել է, որ բանտում ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին հայտնում է իսրայելական Newsru.co.il պորտալը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ ներում ստանալուց առաջ Լապշինն ինքնասպանության փորձ էր կատարել և ողջ էր մնացել միայն «բանտապահների զգոնության» շնորհիվ:
Իսրայելական մամուլը գրում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լապշինին ազատելու որոշում է կայացրել՝ վախենալով, որ նրա կյանքին բանտում վտանգ է սպառնում:
Ընդ որում, Լապշինն ընկերների հետ զրույցում հերքել է, որ ինքնասպանության փորձ է արել՝ նշելով, որ բանտում հայտնվելու առաջին իսկ օրվանից իրեն սպառնացել են սպանել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ