Չեխաբնակ հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքներն առաջին անգամ ներկայացվեցին Հայաստանում։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայացավ սեպտեմբերի 15-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 17-ը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է։
Օնիշենկոն առանձնանում է սև կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով։ Իր բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրեսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ։ Նրա աշխատանքներում մուգ տոներին փոխարինելու են գալիս բացերը՝ այդպիսով առավել ընդգծելով գունային հակադրությունն ու վառ երանգները։ Նկարչի աշխատանքների թեմատիկ ուղղվածությունը շատ լայն է, նրա վրձնի օգնությամբ նոր շունչ են ստանում առարկաներն ու բնությունը, հատկապես ուշագրավ են Օնիշենկոյի՝ Պրահայի տեսարաններով կտավները,որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից։
Օնիշենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ – ում և շատ այլ երկրներում։ Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են իր աշխատանքները։
Վարսիկ ՍԱՀՐԱԴՅԱՆ