«Հայաստանում քաղաքական ընտրությունները չեն գործում, ոչ տեղական, ոչ համապետական համակարգով։ Ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվում, թե ինչ ձևով է վերարտադրությունը լինում, բռնի ուժով, ծեծով, ջարդով, թե կաշառքով, դա այլ թեմա է, թե ինչպես է կատարելագործվում»,-«Մեդիա կենտրոնում» Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ըստ տարբեր գնահատականների` 2006-ին Հայաստանը ժողովրդավարության ապահովման առումով ստացել է 4,15 միավոր, իսկ արդեն 2016-ին մենք հետընթաց ենք ապրել և ստացել 3,88 ցուցանիշ։ Պարոն Իշխանյանն ասաց, որ իր համար ավելի կարևոր են Human Rights Watch ցուցանիշները, որոնցում միշտ հետընթաց ենք նկատում։
Այնուհետև հավելեց. «Բռնությունը, ծեծը շատ վատ բան է, բայց երբ ժողովուրդը դառնում է հպատակ ու ընդհանրապես չի դիմադրում, դա նշանակում է, որ մեր ժողովուրդը կորցրել է իր դիմադրության ընդունակությունը»։
Անդրադառնալով կուսակցությունների գործունեությանը`պարոն Իշխանյանն ասաց, որ կուսակցությունների մեջ չկա գաղափարական պայքար. բոլորը խոսում են արդարություն կոչվածից, և միայն մի բան են ասում, որ իրենք գան, ավելի լավ կլինի. «Ինձ ցույց տվեք մի կուսակցություն, որտեղ կա ներքին ժողովրդավարություն, որտեղ կարծիքներ են հնչում, ներքին խմբակցային գաղափարական պայքար կա։ Քաղաքական գործիչների մեջ չկա ժողովրդավարություն, իրենք հպատակ են, իրենց ղեկավարին հպատակ են, կարող են որպես հպատակ շատ արագ փոխել կուսակցությունը։ Չգրված օրենք կա. եթե որևէ կուսակցություն անհաջողություն է ունենում ընտրություններին, ապա շատ բնական է, որ նրա ղեկավարը հրաժարական է տալիս։ Ցույց տվեք Հայաստանում ձախողված կուսակցության առաջնորդի, որը հրաժարական է տվել, այսինքն` կուսակցությունը նրա սեփականությունն է: Ստեղծագործական միություններում կա՞ ժողովրդավարություն, որևէ փոփոխություն լինո՞ւմ է ղեկավարների մեջ, եթե իշխանությունից չեն ստիպում, այսինքն` էլի հավերժ մնում են իրենց տեղում: Սպորտային ֆեդերացիաներում էլ նույնն է։ Մեր մեջ ժողովրդավարություն չկա, մեզանում ավելի շատ հպատակի, հարմարվողի ոգին է, իսկ ժողովրդավարությունը նշանակում է ազատություն կամ ազատության ձգտում, մեզանում դա չկա»։
Այն, որ մեզանում քննադատությունը ընդունվում է որպես թշնամանք՝ պարոն Իշխանյանը համարում է հակաժողովրդավարական. «Եթե մեկը փորձի քննադատել, քննադատվողի կողմից ընդունվում է թշնամություն։ Այս պարագայում առաջընթաց որևէ ոլորտում չենք ունենա։ Սա գավառական, միգուցե կրոնական մշակույթից է գալիս։ Հասարակության մեջ ժողովրդավարության պահանջ չկա։ Դա կարող է թելադրվել էլիտայից, որևէ քաղաքական ուժ, որ իշխանություն չէ, բայց իր օրինակով տանում է այդ ուղղությունը։ Հասարակությանը այդ գաղափարական հացը պետք է մատուցեն մտավորականները, գրողները, քաղաքական ուժերը, որ պետք է սնվեն այդ գաղափարախոսությունից, հասարակությունը պետք է լսի ու սկսի հետևել սրան կամ նրան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի