Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված՝ «Հովհաննես Այվազովսկի․ Արարում» ցուցահանդեսը,իսկ պատկերասրահի որմնանկարների դահլիճում` «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային գիտաժողով: Պատկերասրահում ցուցադրվում է նաեւ ծովանկարչի հանրահայտ «Աշխարհի արարումը» («Քաոս») կտավը: Հենց այս կտավի համար Գրիգոր 16-րդ պապը Հովհաննես Այվազովսկուն արժանացրել է ոսկե մեդալի: Ծովանկարիչն այն նվիրել է պապին, եւ այդպես «Քաոսը» հայտնվել է Վատիկանում:
Aravot.am-ի հետ զրույցում Իտալիայի հայոց երբեմնի հոգեւոր հովիվ Սարգիս քահանա Սարգիսյանը նշեց, որ հուզված է ցուցահանդեսի բացմամբ: «Ես ճիշտ 40 տարի առաջ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից նշանակվեցի Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ: Ճիշտ նույն տարվա հոկտեմբերին Մխիթարյան հայրերը Վենետիկի սուրբ Ղազար վանքում կազմակերպել էին Մխիթար աբբահոր մահվան 300-ամյակի տոնակատարությունները: Ես ներկա գտնվեցի եւ առաջին անգամ «Քաոսն» իրենց պատկերասրահում տեսա: Այն ատեն գիշերեցի Ալիշանի սենյակում: Դրանից հետո շատ առիթներ եմ ունեցել այցելելու Վենետիկ, 30 տարվա ընթացքում մի 200 անգամ Վենետիկ եմ այցելել»:
Մեր զրուցակցի տիկինը Հայաստանից է, նրա հետ ամուսնացել է 1975 թ. Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ նրանց պսակի արարողությանը երգել են Խորեն Պալյանը եւ Լուսինե Զաքարյանը:
Նա նաեւ ժամանակին խնդրել է բարերարներից մեկի դստերը` Մարի Մնդիկլյանին, աջակցի Կոնդի սուրբ Հովհաննեսի վերանորոգությանը, որը խիստ անմխիթար վիճակում էր: «Այդ եկեղեցու խորանը, որ իտալական մարմարից է, ես եմ ուղարկել: Այն 10 տոննա է կշռում: Ամեն անգամ, երբ այցելում եմ այդ եկեղեցի,, հպարտ եմ զգում, որ ներդրում եմ կատարել մայրաքաղաքի հոգեւոր վերազարթոնքին: Դա ամենից լավ երեւացող եկեղեցին է, ափսոս, որ ոչ մի արձանագրություն չկա, որ Մարի Մնդիկյանն է աջակցել վերանորոգությանը»:
Մեր հայրենակիցը պատմեց, որ ավարտել է Կիպրոսի Մելքոնյան հաստատությունը, ապա Երեւան է եկել որպես սփյուռքահայ ուսանող, սովորել է ճեմարանում ընկերանալով այնպիսի մարդկանց հետ, որոնք հետագայում երեւելի անուններ են դարձել` Խորեն Պալյան, Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան:
Ասում է նաեւ, որ Իտալիայի հայոց հոգևոր հովվի` իր առաքելությունն իրականացնելիս Հայաստանից հարյուրավոր նկարիչների, գրողների, երաժիշտների է աջակցել` սկսած էլլադա Չախոյանից ու Գեղամ Գրիգորյանից մինչեւ Բարսեղ Թումանյան: «Ամենամեծ տպավորությունն ինձ վրա հատկապես Բարսեղ Թումանյանն է թողել»,-նկատեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի
Չհասկցայ ինչ՞ կապ ունի իր պատմածը Այվազովսկիի — ՔԱՕՍ— ին հետ ?