Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանցի գիտնական. «Լեհերը զարմանում են, որ Հայաստանի ղեկավարը Պուտինը չէ»

Սեպտեմբեր 15,2017 15:08

«Հայաստանը Լեհաստանում բոլորովին չի գովազդվում, մինչդեռ Վրաստանն ամեն 5 րոպեն մեկ գովազվում է: Ցավոք, լեհերն այսօր զարմանում են, որ հայերը քրիստոնյա են կամ զարմանում են, որ հայերի ղեկավարը Պուտինը չէ: Ծիծաղելի է, իհարկե, բայց իրենք մեղավոր չեն: Իմիջիայլոց, Հայաստան գալուց առաջ խոսում էի ազգությամբ լեհ ծանոթիս հետ եւ երբ ներկայացնում էի Հայաստանը, մեկ էլ ասաց. «Հետո էլ ասում են, թե ռուսների մոտ բարեկեցություն չկա»: Երբ զարմացած նայեցի, ծանոթս հիշեց. «Վայ, կներեք, ճիշտ է, դուք ռուս չեք»… Սա մեկ դեպք չէ, երկուսը չէ,. երեքը չէ… Լեհաստանում հին սերունդը մեզ կապում է Սովետական Միության հետ, նորը` Ռուսաստանի: Ընդ որում, եթե Սովետի ժամանակ հասկանում էին, որ Սովետական միությունը բազմազգ տերություն է, մինչդեռ հիմա հայերին միանշանակ կապում են ռուսների հետ, ասում են` դուք ռուսների իշխանության տակ եք: Իսկ դա Լեհաստանում բավականին բացասական է ընկալվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Կատովիցեի (Լեհաստան) համալսարանի դասախոս Հրայր Մաղաքյանը:

Նրա ձեւակերպմամբ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը չի կարողանում իր բարենպաստ իմիջը «վաճառել» Լեհաստանում:

«Լեհերն այսօր որոնում են զբոսաշրջային նոր հանգստավայրեր, հատկապես Թուրքիայի վերջին դեպքերից հետո, երբ սուլթան Էրդողանն իշխանությունն ուրիշ կերպ փոխեց, հատկապես Մերձավոր Արեւելքի խառնաշփոթությունից ու այդ երկրներում իսլամի սրընթաց զարգացման տեմպերից հետո: Որոնում են, թե ուր կարող են գնալ: Վակուում էր ոլորտում…Մտավ Ալբանիան, թեեւ տհաճ պայմաններ են այնտեղ զբոսաշրջիկների համար, ու բոլորովին Հայաստանի որակը չկա: Մտավ նաեւ Վրաստանը, եւ լցվեց այդ վակուումը: Փոխանակ գրագետ աշխատանք տանելու, հայկական զբոսաշրջային ընկերությունները դժգոհում են, թե լեհերը թեյավճար չեն թողում Հայաստանի ռեստորաններում, իսկ, օրինակ, ռուսները` թողնում են: Լեհաստանում չգիտեն, որ Հայաստանում այսպիսի բարձրակարգ ու գեղեցիկ հանգստավայրեր կան, որտեղ կարելի է ավելի էժան ու անհամեմատ ավելի բարձր որակի հանգիստ կազմակերպել»,-շարունակում է լեհաստանաբնակ մեր հայրենակիցը:

Նրա փաստմամբ, «Լեհական ավիաուղիները մատչելի տոմսեր են առաջարկում, ի վերջո կարելի է նաեւ չարտերային թռիչքներ իրականացնել, մանավանդ լեհերը Հայաստան մտնելիս վիզայի խնդիր չունեն…Ու թեեւ հատկապես վերջին մի քանի տարում լեհ զբոսաշրջիկը որոնում էր, թե ուր կարող է գնալ հանգստանալու, Հայաստանից ոչ մի ռեակցիա այդպես էլ չեղավ»:

Հրայր Մաղաքյանի խոսքերով, լեհերն ու հայերը նմանություններ ունեն` զրուցասեր են, հայերի պես իրենց համարում են աշխարհի «պորտը», սիրում են խմել. «Ուրեմն ինչո՞ւ չենք կազմակերպում, դիցուք, ալկոհոլային խմիչքների համտեսների տուրեր: Ես բնավ նկատի չունեմ հարբեցողությունը,…Ի վերջո Հայաստանում կոնյակի, գինու ու չգիտեմ ինչերի փառատոներ են անցկացվում: Չի՞ կարելի այդ ամենը նաեւ զբոսաշրջիկների համար կազմակերպել` նախապես ներկայացնելով գները»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ չպետք է ծալած ձեռքներով նստել եւ միայն խոսել տուրիզմի մասին:

Այլ թեմաների շուրջ` հաջորդիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թորոս Ալեքսանյան says:

    ի դեպ լեհերը ճիշտ են, դուք եք սխալվում, երբ կարծում եք, թէ Պուտինը չի ձեզ ղեկավարում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930