Մոտ կես ժամ շարունակ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը, դահլիճում բղավոցներն ու դատարանի կարգադրիչներին ուղղված վիրավորանքները չէին դադարում:
Նիստը վերսկսվեց, սակայն բարձրախոսներից ոչինչ չէր լսվում: Քաղաքացիները դժգոհեցին, կարգադրիչներն էլ ասացին, որ տեխնիկական խնդիր կա, փորձում են կարգավորել:
Ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների նյարդերը տեղի տվեցին, երբ կարգադրիչներից մեկի փոխանցմամբ՝ դատավորը որոշեց, որ այդ պայմաններում նիստը շարունակվելու է:
Ապա նիստերի դահլիճում հայտնվեց վկա, որի ասածները, բնականաբար, լսելի չէին: Ապակե պատնեշից այս կողմ իրավիճակն ավելի թեժացավ, ներս եկան ոստիկանության «հրեշտակների» գնդի ծառայողները:
Ապա նիստն ընդմիջվեց՝ տեխնիկական խնդիրը կարգավորելու համար:
Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը պետք է դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացներ, սակայն ոչինչ լսելի չէր: Քաղաքացիները համոզված են, որ կատարվածը միտումնավոր է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ