Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որեւէ մեկին կանչելու կարիք չունենք». Վահրամ Բաղդասարյանը՝ Վանո Սիրադեղյանին կանչելու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2017 14:40

Կրիմինալ իրադարձությունները որքանո՞վ են համահունչ ՀՀԿ-ի հայտարարած ապահով Հայաստանի հետ, ինչպե՞ս եք մեկնաբանում Վերնիսաժի միջադեպը, հատկապես, որ այն կապվում է Լոռու ՀՀԿ-ական մարզպետի հետ, դուք էլ Լոռու մարզից եք: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներն այս հարցերն ուղղեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Նա պատասխանեց. «Ես չեմ ճանաչում դեպքի մասնակիցներին, նույնիսկ դեմքով չեմ ճանաչում: Ապահով Հայաստանի հետ կապված որեւէ երկիր երաշխավորված չէ նմանատիպ դեպքերից»:

Մեր դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ «ռազբորկայի» մասնակիցները վերջին ընտրություններում ՀՀԿ-ին օգնել են վերարտադրվել եւ սա կապ ունի ընտրությունների հետ՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Երբ ընտրություններից հետո հետընտրական հետեւանքներ չեղան, ակցիաներ չեղան, հիմա ցանկացած կենցաղային բնույթի հանցագործություն ցանկանում են կապել ընտրությունների հետ: Սա բավականին հին պատմություն ունեցող մի երեւույթի հետեւանք է, չի կարող կապ ունենալ ընտրությունների հետ: Ես քվեարկել եմ Լոռու մարզում, պետք է այդ մարդկանց տեսած լինեի, որոնք ակտիվություն են ցուցաբերել, ես որեւէ մեկին չեմ տեսել, որեւէ մեկի անունը չեմ լսել»:

Հարցին՝ եթե չեք կարողանում կրիմինալի դեմն առնել, գուցե հե՞տ բերեք Վանո Սիրադեղյանին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեկին կանչելու կարիք չունենք: Այսօր ոստիկանությունն իր դիրքերում է: Ես խնդրում եմ ամեն ինչ նայեք համեմատության դաշտում, նայեք վիճակագրությունը, թե որ ժամանակներում էր ավելի շատ: Իհարկե, չպետք է բավարարվենք նրանով, որ հիմա հանցագործությունների քանակը կրճատվել է, պետք է կարողանանք արմատախիլ անել նման երեւույթները»:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց հետեւել, թե բոլոր զարգացած երկրներում ինչ վենդետաներ են տեղի ունենում: Բաղդասարյանը չի ընդունում, որ մեր երկրում բեսպրեդել է. «Մեր երկիրը միջազգային կառույցների գնահատականով՝ ամենաանվտանգ երկրներից է»: Հետեւաբար, Վլադիմիր Գասպարյանին պաշտոնազրկելու անհրաժեշտություն էլ նա չի տեսնում. «Մեկ-երկու դեպքի հետ կապված մենք մտածենք անձերի փոփոխության կամ համակարգային փոփոխության մասի՞ն»:

Խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դա շոուի պես մի բան է, ուզում են ապացուցել իրենց նվիրվածությունը Արեւմուտքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930