«Ելք» դաշինքը նախաձեռնել է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին, թե «Ծառուկյան» դաշինքն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի մասին՝ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական՝ հանգամանորեն ուսումնասիրել այդ առաջարկությունները եւ որոշել՝ միանո՞ւմ են դրան, թե՞ ոչ. «Խնդիրը հարցի ինքնանպատակ հանգուցալուծման մեջ չէ: Պետք է խորքային ուսումնասիրություններ տեղի ունենան, որը այս ժամանակահատվածում տնտեսական բլոկի պատասխանատուներն իրականացնում են: Խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալու, կամ դուրս չգալու մեջ չէ: Պետք է օգտագործել այն չիրացված պոտենցիալը, որը ընձեռում է մեզ ԵԱՏՄ-ն, հստակեցնել այն մեխանիզմները, որոնք գործնականում կարող են կիրառվել, բայց դեռեւս չեն կիրառվում»:
Հարցին՝ կան տեղեկություններ, որ դուք ընդդիմադիր խմբակցություն եք, քաղաքական ո՞ր ուժին, քաղաքական ո՞ր արարքին եք ընդդիմադիր, եթե դուք Սերժ Սարգսյանին չեք քննադատում, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը իր ընկերն է՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ըստ էության սահմանումը, իշխանության եւ ընդդիմության այդ ձեւակերպումն այնքան հստակ է: ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում եւս հստակ սահմանում կա, թե որ քաղաքական ուժն է իշխանություն համարվում եւ որ քաղաքական ուժն է ընդդիմադիր համարվում: Մենք երբեւիցե ինքնանպատակ ոչ անձին, ոչ երեւույթին չենք քննադատել: Եթե անձնավորված ամեն ինչին նայենք, մենք որեւիցե լավ նշակետի չենք կարող հասնել: Երբեւիցե ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները այս կամ այն քաղաքական գործչի թե լավի, թե՛ վատի հետ կապված կաշկանդված չեն եղել գնահատականներ տալու եւ մեկնաբանելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ