«ՀՀ ողջ տարածքում պետք է ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով երեկ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրիմինալ միջադեպին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Aravot.am-ի հարցին, որ ոչ միայն Վերնիսաժի միջադեպը, այլեւ վերջին շրջանում Գյումրիում տարբեր կրիմինալ միջադեպերը հաշվի առնելով, նաեւ այն, որ Հայաստանում օրենքով գողերը «սխոդկաներ» են անում՝ ժամանակը չէ՞, որ «Ծառուկյան» դաշինքը պահանջի, ասենք, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Ըստ էության տեղի ունեցող յուրաքանչյուր հակաօրինական գործողություն մեզ համար մտահոգիչ է: Մենք խորհրդարանական գործունեություն ծավալելով՝ որեւիցե խնդիր չենք տեսնում՝ նմանատիպ հարցերի մասին խոսելու, բարձրաձայնելու: Ըստ անհրաժեշտության, եթե գտնենք, որ հասունացել է պահը եւ իրավիճակը անկառավարելի է՝ նմանատիպ ձեւակերպումներով հանդես կգանք»:
Էնֆիաջյանն ասաց, որ օրենքի առջեւ բոլորը պետք է պատասխան տան եւ նման դեպքերը պետք է արագ բացահայտվեն, մեղավորները պատժվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ