ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երևան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ 2012թ. ծնված փոքրիկն իր մոր հետ 2017 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ը հյուրընկալվել է վերջինիս ընկերոջ՝ 1982թ.ծնված տղամարդու տանը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Երեխայի մայրը երբեմն բացակայել է տանից և փոքրիկին թողել 35-ամյա տղամարդու խնամքին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ օգտվելով երեխայի հետ միայնակ մնալու հանգամանքից՝ տղամարդը պարբերաբար մանկահասակ երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Փոքրիկը ճանաչվել է տուժող, իսկ հայրը՝ տուժողի ներկայացուցիչ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե