Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը մնում է շատ անվտանգ ու ապահովված երկիր». Լոռու մարզպետ

Սեպտեմբեր 15,2017 13:17

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երեկ Վերնիսաժի մոտակայքում տեղի ունեցած սպանության մեջ  մեղադրվող Ալավերդիի երեք բնակիչներին՝ Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին եւ Ռաֆիկ Խաչատրյանին չի ճանաչում: Հիշեցնենք, որ նշված տղամարդիկ կասկածվում են երեկ տեղի ունեցած դեպքը կատարելու մեջ եւ ոստիկանության կողմից հետախուզման մեջ են:

«Նրանց մասին որեւէ բան չգիտեմ»,- Aravot.am-ին ասաց մարզպետը: Մեր հարցին, թե նշված անձնավորությունները Աբգարյանի պես հեղինակություններ չե՞ն մարզում, ի պատասխան մարզպետն ասաց. «Վահագն Աբգարյանն ի՞նչ հեղինակություն է, եթե գաղտնիք չէ, ես իր կյանքին մանրամասն ծանոթ չեմ, բայց չեմ կարող ասել, որ նա քրեական հեղինակություն է եղել: Իսկ ոստիկանության կողմից հայտարարված հետախուզման մեջ գտնվողների մասին առավել եւս տեղեկատվություն չունեմ: Ալավերդին փոքր քաղաք է, ես գրեթե բոլորին եմ ճանաչում, բայց որ նրանց քրեական անցյալն իմանամ կամ դեմքով իմանամ, այդպես չէ: Ես այդ երեքի մասին մանրամասն չեմ կարող ասել, չգիտեմ ոչինչ նրանց մասին»:

Պարոն Նալբանդյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է երեկ տեղի ունեցածը վենդետա լինի՝ հաշվի առնելով նախորդ տարիներին Վահագն Աբգարյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձերը, նրա մտերիմ ընկերների սպանության դեպքերը. «Ես չեմ կարող դրա պատասխանը տալ»:

Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, Վահագն Աբգարյանի շուրջ տեղի ունեցած քրեական պատմությունները ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերի զարգացումներն են, իսկ նա, կրկին մամուլի հրապարակումների համաձայն, 2015 թվականի քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ի համար լավ աշխատել է, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանին (գործող քաղաքապետ) հինգ հազարից ավելի մարդ է ընտրել, յուրաքանչյուր մարդ, որը նպատակահարմար է գտել, իր ձայնը տվել է, բոլորն են աջակցել, մեկին առանձնացրել ենք, շատ կներեք, բայց այդ ընտրություններին մյուս թեկնածուն այլ քաղաքական ուժից չի եղել, նա եղել է անկուսակցական, բայց նույն քաղաքի բնակիչներ են եղել, գրեթե նույն թիմից են եղել, թեկնածություն են դրել, փորձել են ազնիվ պայքարել: Հիմա թե միջանձնային ինչ խնդիրներ են եղել նրանց մոտ, չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է օրը ցերեկով զինված ու քաղաքի կենտրոնում կրակահերթ անելուն՝ մարզպետն ասաց. «Շատ տհաճ դեպք է, որը մեր երկրին վայել չէ, ես՝ որպես լոռեցի, ու այդ մարդիկ էլ որ լոռեցիներ են, շատ բացասական եմ գնահատում կատարվածը»:

Մեր հարցին, թե իր կարծիքով, ինչի հետեւանք էր երեկ տեղի ունեցածը, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Իրավապահները կպարզեն, չգիտեմ՝ այդ ինչ խնդիր է եղել, որ փորձել են այդ կարգի հարցը կարգավորել»:

Մեր հարցին՝ համաձա՞յն է գնահատականների հետ, որ Հայաստանում իրավապահ համակարգի, արդարադատության նկատմամբ վստահության պակասից է, որ զինված հարձակումները, զենքով հարց լուծելու դեպքերը շատացել են Հայաստանում, մարզպետը պատասխանեց. «Ես լինելով լոռեցի՝ այդ լարվածությունը չեմ զգացել, ոստիկանությունը կարող էր չզգալ, չէ՞: Ախր չգիտենք՝ դեպքն ինչից է ծագել, գուցե այդ վայրկյանից է առաջացել, ոստիկանությունն ինչ աներ…Շատ կներեք, եթե ապահովության համեմատական տանենք, թեկուզ այս վիճակում Հայաստանը մնում է շատ անվտանգ ու ապահովված երկիր, եթե հիմա երկու հոգի իրար մեջ լեզու չեն գտնում եւ հիմար բաներով են զբաղվում, պետք չէ պետության կամ քաղաքական ուժերի վրա փորձել ստվեր գցել: Նման բան բոլոր տեղերում է հնարավոր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930