Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության մասին. նրանք զոհին դարանակալած սպասել են մի քանի ժամ շարունակ

Սեպտեմբեր 15,2017 13:12

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանությունը` պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությունը կատարելու նպատակով օգտագործված ավտոմեքենայի ձեռք բերման աղբյուրը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։  Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների  արդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երեւանի։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել:

Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ.Աբգարյանի, Գ.Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ.Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930